հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ժամը 23:00-ի դրությամբ տարբեր ԲԿ-ներ է տեղափոխվել 50 անձ, տուժածներից մեկի վիճակը ծանր է. ԱՆ

Ժամը 23:00-ի դրությամբ տարբեր ԲԿ-ներ է տեղափոխվել 50 անձ, տուժածներից մեկի վիճակը ծանր է. ԱՆ

Ժամը 23:00-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել 50 անձ: Նրանցից 34-ը ոստիկանության ծառայողներ են, 16-ը՝ քաղաքացիական անձինք, հայտնում են Առողջապահության նախարարությունից:

՛՛Տուժածներից մեկի վիճակը ծանր է, այս պահին վիրահատվում է:

Մյուս տուժածները վնասվածքների առաջին վիրաբուժական մշակում են ստացել՛՛,-ասված է հաղորդագրոության մեջ:

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն էլ տեղեկացնում է. ՛՛Ժամը 23:00-ի դրությամբ տուժած քաղաքացիների թիվը «Հերացի» համալսարանական հիվանդանոցում 29 է: 

«Հերացի» հիվանդանոցում տուժածներից 22-ը ոստիկաններ են, 7-ը` քաղաքացիական անձինք: Բոլոր տուժածներին տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնությունը` ողջ ծավալով, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գտնվում է բուժհաստատությունում ու վերահսկում է ողջ գործընթացը:

Տուժածներից մեկը ներկա պահին վիրահատվում է՝ քաղաքացիական անձ է, 1 ոստիկանի ոտքը կոտրվել է: Մյուս 27 տուժածները դեռ գտնվում են հետազոտման փուլում՛՛:

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր՝ հունիսի 3-ին, նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն է Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չեն ներկայացել նիստին եւ տապալել այն:

Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել են Կառավարության շենք եւ շրջափակել բոլոր մուտքերը:

Մոտ երեք ժամ անց շարժման անդամները բացեցին Կառավարության բոլոր մուտքերը եւ շարժվեցին դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ, ըստ Իշխան Սաղաթելյանի, գտնվում էր Նիկոլ Փաշինյանը։

«Եկել ենք այստեղ մեկ պահանջով՝ դուրս արի եւ պատասխանիր ժողովրդի հարցերին։ Եթե ռիսկ չես անում դուրս գաս, ասա քեզ հարմար տեղ ու ժամ։ Դու պետք է պատասխանես այս հարցերին։ Եթե ոչ, րոպե առաջ պետք է հեռանաս։ Այսպես փախնելով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ»,- առանձնատան դիմաց հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Երբ ցուցարարները ցանկանում էին շարժվել դեպի Ազգային ժողով, ոստիկանները, ըստ Սաղաթելյանի, դիմեցին սադրանքների, նրանց եւ ցուցարարների միջեւ սկսվեց բախում։ Ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին, կան բերման ենթարկվածներ ու տուժածներ:

  • Կիսվել: