չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Զարուհի Փոստանջյանը դիմել է ՄԻՊ-ին

Զարուհի Փոստանջյանը դիմել է ՄԻՊ-ին

Ամբաստանյալ Արմեն Բիլյանի պաշտպան՝ Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել՝ դիմելով ՀՀ ՄԻՊ-ին։

Նա, մասնավորապես, գրել է․

"2021 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում գործող դատավորներ` Տիգրան Վազգենի Սահակյանը, Արմեն Ժորայի Բեկթաշյանը և Ռուբիկ Հրանտի Մխիթարյանը, կայացրել են դատական ակտ, որով Արմեն Բիլյանի արդարացման դատավճիռը բեկանել են, նրան դատապարտել են ազատազրկման 25 տարի ժամկետով և կալանավորել հենց դատարանի դահլիճից:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում գործող դատավորների այս «եռյակը», ոչ միայն չի համապատասխանել օրենքի հիման վրա ստեղծված դատարանի չափանիշներին, որը իրավասու էր անցկացնել ԵՔԴ/0091/01/17 քրեական գործով դատաքննություն և կայացնել դատական ակտ, այլ դեռ ավելին՝ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին կայացրած դատական ակտը առ այսօր չի տրամադրել Արմեն Բիլյանին և նրա պաշտպաններին:

Տիգրան Վազգենի Սահակյանը, Արմեն Ժորայի Բեկթաշյանն ու Ռուբիկ Հրանտի Մխիթարյանը ԱՐՀԱՄԱՐՀԵԼՈՎ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 402-րդ հոդվածի 2-րդ կետը առ այն, որ վերաքննիչ դատարանի դատական ակտը հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում ուղարկվում է դատապարտյալին և պաշտպաններին դիտավորյալ չեն տրամադրում: Այս հանգամանքը խոչընդոտ է ստեղծում Արմեն Բիլյանին և նրա պաշտպաններին՝ որակյալ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար: Հերիք չէ, որ Տիգրան Վազգենի Սահակյանը, Արմեն Ժորայի Բեկթաշյանը և Ռուբիկ Հրանտի Մխիթարյանը գործել են որպես «հարմար դատարան», այժմ էլ չեն տրամադրում պատվիրատուների կամքին հարմարեցված դատական ակտը` նպատակադրված խոչընդոտելով վճռաբեկության կարգով բողոքարկմանը:

Դիմելով Ձեզ ակնկալում եմ Ձեր գործուն միջամտությունը` 2021 թվականի դեկտեմբերի 10-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում գործող դատավորներ` Տիգրան Վազգենի Սահակյանի, Արմեն Ժորայի Բեկթաշյանի և Ռուբիկ Հրանտի Մխիթարյանի կողմից կայացված չարաբաստիկ դատական ակտը ստանալու համար":

  • Կիսվել: