հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ընտանիքի հետ վերամիավորված երեխայի խնամքի նկատմամբ մշտադիտարկում կիրականացվի. նախագիծ․ «Փաստ»

Ընտանիքի հետ վերամիավորված երեխայի խնամքի նկատմամբ մշտադիտարկում կիրականացվի. նախագիծ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության մի շարք որոշումներում: Նշվում է, որ Հայաստանում ներկայում գործում են երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններ, որոնք բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ են և օրենսդրությամբ սահմանված սոցիալական ծառայություններ են տրամադրում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին՝ ցերեկային և շուրջօրյա (ճգնաժամային) խնամքի բաղադրիչների միջոցով։

Հաստատություններից երկուսը գործում են Սյունիքի և Շիրակի մարզերում, մեկը՝ Երևանում։ Նախարարությունը կարծում է, որ այս հաստատություններում շուրջօրյա խնամքի բաղադրիչի արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտ է ներդնել ընթացակարգեր, որոնք կաջակցեն երեխայի՝ ընտանիքի վերամիավորման գործընթացին, վերամիավորումից հետո երեխայի խնամքի նկատմամբ մշտադիտարկմանը։ Իրավական ակտում իրականացվող փոփոխությունն իր հերթին փոփոխությունների անհրաժեշտություն է առաջացրել երեք խնամքի հաստատությունների ստեղծման որոշումներում՝ իրավական տեսանկյունից համապատասխանությունն ապահովելու, ինչպես նաև կառավարության 2005 թ.-ի մարտի 24-ի N 381-Ն որոշման մեջ, որտեղ հաստատությունների տիպերի ցանկում անհրաժեշտություն է առաջացել առավել հստակեցնել հաստատության էությունը և գործունեության շրջանակը։

Առաջարկվող փոփոխությամբ հստակեցվում են երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններից երեխաների դուրսգրման, դուրսգրումից հետո երեխայի խնամքի նկատմամբ մոնիթորինգի գործընթացները, գործող հաստատություններում ծառայություն ստացող երեխաների տարիքային խմբերի վերաբերյալ անհրաժեշտ ամրագրումներն են ապահովվում հաստատության այդ տիպի սահմանման մեջ, ինչպես նաև երեք հաստատություններում առաջարկվում է սահմանել ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, որոնք կնպաստեն երեխաների սոցիալականացմանը, կխթանեն նոր հմտությունների ձեռքբերման նկատմամբ հետաքրքրությունը, կնպաստեն ինքնուրույն կյանքի անցման հմտությունների զարգմացմանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: