ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Ընդունվել են տնային կալանքում գտնվող անձանց կրթության իրավունքի երաշխավորմանն ուղղված կարգավորումները. ՄԻՊ

Ընդունվել են տնային կալանքում գտնվող անձանց կրթության իրավունքի երաշխավորմանն ուղղված կարգավորումները. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի ընդունումը, որով ամրագրվել է տնային կալանքում գտնվող անձանց՝ հեռավար կրթությունը շարունակելու իրավական հնարավորությունը՝ կրթության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու նպատակով։  

Օրենքով սահմանվում է, որ դատարանի կողմից տնային կալանք կիրառելիս նամակագրությունից, հեռախոսային խոսակցություններից և հաղորդակցության այլ ձևերից (այդ թվում՝ փոստային առաքանուց) օգտվելու սահմանափակումները կարող են չտարածվել այն դեպքերի վրա, երբ դա անհրաժեշտ է կրթության շարունակականությունն ապահովելու և հեռավար (դիստանցիոն) կրթական ծրագրերով ուսումը շարունակելու նպատակով։ 

«Այս իրավական կարգավորումը թույլ է տալիս համաչափորեն հավասարակշռել քրեական դատավարության նպատակները և անձի կրթության սահմանադրական իրավունքի արդյունավետ իրացումը։ 

Հիշյալ խնդրին Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է բազմիցս, այդ թվում` տարեկան հաղորդումների շրջանակներում՝ արձանագրելով, որ տնային կալանքի պայմաններում գտնվող անձինք չպետք է զրկվեն կրթությունը շարունակելու իրական հնարավորությունից և կարևորելով այդ ուղղությամբ համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացումը։  

Մարդու իրավունքների պաշտպանը ընդունված օրենսդրական փոփոխությունը դիտարկում է որպես կարևոր առաջընթաց թե´ ՄԻՊ առաջարկները պետության կողմից կատարելու, թե´ քննարկվող հարցի կարգավորման տեսանկյունից առանցքային համարելով դրա լիարժեք, արդյունավետ և հետևողական կիրառումը պրակտիկայում»,- ասվում է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: