շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ընդգծվել են միջազգային մոնիթորինգի կարևորությունը և դրանում ՀՀ մասնակցությունը. Ֆլոյդի դասախոսությունը ԱԳՆ-ում

Ընդգծվել են միջազգային մոնիթորինգի կարևորությունը և դրանում ՀՀ մասնակցությունը. Ֆլոյդի դասախոսությունը ԱԳՆ-ում

Հոկտեմբերի 28-ին աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների և երիտասարդ դիվանագետների համար հանդես է եկել բանախոսությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպմանը  ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը: Շնորհակալություն հայտնելով գործադիր քարտուղար Ֆլոյդին բանախոսությամբ հանդես գալու պատրաստակամության համար՝ Դավիթ Կարապետյանը շեշտել է նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը և ընդգծել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի անկյունաքարային դերը միջազգային զինաթափման և չտարածման  գործընթացներում:

Դասախոսության շրջանակներում Ռոբերտ Ֆլոյդը մասնակիցներին է ներկայացրել կազմակերպության գործունեությունը, վերջինիս նպատակների համընդհանուր կյանքի կոչման ուղղությամբ միջազգային ջանքերը, առկա մարտահրավերները և հնարավորությունները: Այս համատեքստում ընդգծվել են միջազգային մոնիթորինգային համակարգի կարևորությունը և դրանում Հայաստանի մասնակցությունը:

Բանախոսությանը հաջորդել են հարցուպատասխան և արդյունավետ քննարկումներ մասնակիցների հետ:

  • Կիսվել: