երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը ՀՀ ֆինանսների նախարարին է հայտնել ԼՂ-ից տեղահանվածներին աջակցության պատրաստակամության մասին

ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը ՀՀ ֆինանսների նախարարին է հայտնել ԼՂ-ից տեղահանվածներին աջակցության պատրաստակամության մասին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր՝ հոկտեմբերի 31-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ալկիս Բրիենիոս Դրակինոսին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՎԶԵԲ Երեւանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին:

Ինչպես հայտնում են Ֆինանսների նախարարությունից, նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, իր խոսքում կարեւորել է Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ոլորտներում ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերը:

ՎԶԵԲ գործընկերները տեղեկացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչությանը աջակցության պատրաստակամության մասին: Նաեւ նշվել է, որ քննարկվող աջակցությունը հիմնականում կարող է ուղղվել ՓՄՁ ոլորտին եւ բիզնես գործունեությամբ զբաղվել ցանկացող շրջանակներին, ինչպես նաեւ տեղահանվածների որոշ սոցիալական խնդիրների լուծմանը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ-ի պատրաստակամության համար եւ կարեւորել նախատեսվող աջակցության նպատակայնությունն ու անհրաժեշտ կարիքների գնահատումն ու վերհանումը:

  • Կիսվել: