հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վթարի է ենթարկվել Պարեկային ծառայության ղեկավարը

Վթարի է ենթարկվել Պարեկային ծառայության ղեկավարը

Երեկ տեղեկություն ստացանք, որ կիրակի օրը՝ նոյեմբերի 21-ին, վթարի է ենթարկվել պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանը։ Նա Toyota Corolla-ով շուռ է եկել։ Հետը եղել է կինը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Մեզ ասացին նաեւ, որ պարեկային ծառայության ղեկավարն ալկոհոլ օգտագործած է եղել, բայց հիմա ամեն կերպ փորձում են թաքցնել այդ փաստը։ Ուշագրավ է, որ ոստիկանությանն «առընթեր» կայքերն այս վթարի մասին որեւէ բան չեն գրել՝ խնայելով իրենց համակարգի պաշտոնյաներին, գրում է «Հրապարակը»։

Հակառակ դեպքում ճոխ վերնագրերով կողողեին համացանցը՝ հընթացս գեղարվեստական երանգներով նկարագրելով նաեւ պարեկների հերոսական գործողությունները։ Իսկ երբ այդ նույն պարեկների ղեկավարը վթար է առաջացնում, դրա մասին՝ ոչ մի խոսք։ Մենք փնտրեցինք եւ ոստիկանության կայքում գտանք այն հաղորդագրությունը, որտեղ նկարագրված է այդ օրը տեղի ունեցած ավտովթարը։

Հաղորդագրության մեջ առկա տվյալները համընկնում են մեր տեղեկության հետ, թեեւ որեւէ անուն նշված չէ, թե ովքեր են վթարի մասնակիցները։ Ըստ հաղորդագրության՝ «նոյեմբերի 21-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհի 3-րդ կմ-ին «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվելով՝ հայտնվել դաշտում. 41-ամյա վարորդը եւ 37-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն»։ Նշենք, որ Ումրշատյանը 41 տարեկան է, մյուս տվյալները եւս համապատասխանում են մեր տեղեկություններին, բայց որոշեցինք լրացուցիչ ճշտել: Պարեկային ծառայության մեր աղբյուրներն ասացին, որ հենց այս վթարի մասին է խոսքը։

Մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեցինք նաեւ պարեկային ծառայության ղեկավարի՝ Արթուր Ումրշատյանի հետ։ Նա սկզբում սիրալիր սկսեց պատասխանել մեր հարցերին, ապա երբ հիշատակեցինք ավտովթարը, ասաց՝ տեղս հարմար չէ, մի ժամից զանգեք:
«Հենց հիմա նենց ա վիճակս՝ չեմ կարա խոսամ»,- ասաց նա։

- Մեզ ասացին՝ Ձեր կինը հիվանդանոցում է, Դուք է՞լ եք հիվանդանոցում։

- Այո, ես էստեղ եմ, իր մոտ եմ, նորմալ ա ամեն ինչ, ոչ մի խնդիր չկա, եթե ուրիշ բան կհետաքրքրի, մի քիչ ուշոտ զանգեք։

- Ասացին՝ նաեւ խմած եք եղել ղեկին։

- Դե, սխալ բան են ասում, ինչ ասում են, մնացածը կճշտեք Դուք։ Շնորհակալություն, հաջողություն։

«Հրապարակ օրաթերթ»

  • Կիսվել: