շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է հայ եւ գերմանացի ուսանողների հետ

Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է հայ եւ գերմանացի ուսանողների հետ

Հայ-ռուսական համալսարանի եւ Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի  կողմից կազմակերպված ամենամյա «Network East-West» ծրագրի շրջանակում օգոստոսի 10-ին ճանաչողական այցով Ազգային ժողով են այցելել հայ եւ գերմանացի ուսանողներ:
Խորհրդարանում նրանց հետ հանդիպել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը:

Ողջունելով ուսանողներին` պատգամավորը գոհունակություն է հայտնել նման ծրագրերի իրականացման ու փորձի փոխանակման կապակցությամբ եւ կարեւորել երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը քաղաքական կյանքին:

Պատգամավորն ուսանողներին ծանոթացրել է Հայաստանի օրենսդիր մարմնի կառուցվածքին, գործունեությանը, ներկայացրել պատգամավորի դերն ու հիմնական գործառույթները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին, խախտված իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը, դրանց հանդեպ պետության պարտավորություններին:

Հյուրերը հետաքրքրվել են Հայաստանի անվտանգության ապահովման գործում ԱԺ-ի գործունեությամբ:

Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարման ընթացքին: Մտքեր են փոխանակվել համագործակցության շրջանակում գիտական, մշակութային, տնտեսական սերտ կապերի հաստատման, ընդհանուր մտահոգության առարկա հանդիսացող անվտանգության եւ կայունության ամրապնդմանը վերաբերող հարցերի շուրջ:

Հանձնաժողովի նախագահը ողջունել է գերմանացի ուսանողների այցը Երեւան եւ մեծ ոգեւորությամբ ընդունել երիտասարդների` պետական կառավարման համակարգի վերաբերյալ ցուցաբերած ակտիվությունը:

«Շատ հաճելի է կիսվել նման արժեքավոր փորձով, հույս ունեմ այսուհետ ավելի շատ գերմանացի ուսանողների տեսնել Հայաստանում»,- հանդիպման ավարտին ասել է Վլադիմիր Վարդանյանը:

  • Կիսվել: