«Վիզդ կկտրեմ». Երևանում 30-ամյա երիտասարդը դանակով ավազակային հարձակում է կատարել տաքսու վարորդի վրա ու փախցրել մեքենան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվել է Մամիկոն Ս.-ի գործի դատական քննությունը:
30-ամյա Մամիկոն Ս.-ին մեղադրանք էր առաջադրվել ավազակային հարձակման ու առանց հափշտակելու նպատակի մեքենա փախցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 183 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերով:
Մամիկոն Ս.-ն նախկին դատվածություն ունի՝ 2016 թվականից նա ծանր հանցավոր արարքի համար դատապարտվել ու կրել է 6 տարի ազատազրկում, իսկ 2018 թվականի նոյեմբերի 8-ին ազատ է արձակվել Համաներման ակտի կիրառմամբ: Ամիսներ անց՝ 2019 թվականի հունիսի 24-ին, նա կալանքի տակ է առնվել արդեն ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով:
Դատարանը հաստատված է գնահատել, որ Մամիկոն Ս.-ն 2019 թվականի փետրվարի լույս 2-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող ռադիոէլեկտրոնիկայի խանութի մոտից նստել է «Նյու Վեյ» ընկերությանը պատկանող «Աքվա» տաքսի ծառայության «Ռենո» մակնիշի մեքենան ու վարորդ Վարդան Վ.-ին պատվիրել է ուղևորվել Երևանի Ա 3 թաղամաս՝ առանց կոնկրետ հասցե նշելու և պարտավորվելով անձամբ մատնացույց անել երթուղին:
Հասնելով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի համայնքապետարանի մոտ՝ Մամիկոն Ս.-ն տարբեր ուղղություններ է նշել, վարորդը կատարել է նրա ցուցումները: Երբ հասել են Օտյան փողոցի կիսակառույց մի շինության մոտ, Մամիկոն Ս.-ն, ըստ դատական ակտի, հետևից աջ ձեռքով գրկել է վարորդի պարանոցը ու սեղմել է: Ապա որպես զենք գործադրելով իր մոտ եղած դանակը՝ Մամիկոն Ս.-ն, ըստ դատական ակտի՝ վարորդի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է իրեն հանձնել առկա ամբողջ գումարը: Վարորդ Վարդան Վ.-ն սկսել է դիմադրել, փորձել է դանակը խլել ուղևորի ձեռքից: Վարորդի և ուղևորի պայքարի ընթացքում դանակի շեղբը կոտրվել է, այդ կերպ, ըստ դատական ակտի, Մամիկոն Ս.-ն զրկվել է դանակի հետագա կիրառման հնարավորությունից: Մեքենայի սրահում Մամիկոնն ու Վարդանը փոխադարձ հարվածներ են հասցրել իրար:
Տուժող Վարդան Վ.-ն հայտնել է, թե Նոր Նորքում իր մեքենան նստած ուղևորը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան հասնելուց հետո իրեն ուղղորդել է՝ թե որ կողմ թեքվի: Որոշ տարածություն նրա ուղղորդմամբ անցնելուց հետո նա աջ ձեռքով հետևից գրկել է իր պարանոցը, հետո ինչ-որ առարկա է դրել իր պարանոցին ու պարանոցը սեղմելով՝ պահանջել է, որ փողերը հանի: Նա սպառնացել է. «Վիզդ կկտրեմ»: Ինքն աջ ձեռքով բռնել է նրա աջ ձեռքից, ձախով բռնել է իր պարանոցին դրված իրը, սեղմելով՝ կոտրել ու ասել է. «Սրանով էի՞ր վիզս կտրելու»: Հետո ինքը շրջվել ու սկսել է հարվածել հետևի նստատեղին նստած ուղևորին: Վերջինս էլ իրեն է հարվածներ հասցրել: Նա դուրս է եկել մեքենայից, սկսել է աջ կողմի դռնից ոտքով հարվածել իրեն: Ինքն էլ է ցանկացել նրան ոտքով խփել, բայց այդ մարդը բռնել է իր ոտքից ու դուրս է քաշել մեքենայից: Դրսում իրենք շարունակել են միմյանց հարվածել, բայց այդ անձը դադարեցրել է հարվածները, մոտ հինգ մետր հեռացել, ապա անսպասելի հետ է եկել, մոտեցել ու սկսել է հարվածել իր դեմքին: Ինքը չի կարողացել դիմադրել: Այդ անձը նստել է իր մեքենան ու հեռացել է:
Տուժողը նշել է, որ երբ մեքենայում փոխադարձ հարվածներ էին հասցնում միմյանց, ինքը ձեռքը գցել է այդ անձի բերանին ու քաշել է: Իսկ երբ մեքենայից դուրս էին եկել, ինքը նրա բերանի հատվածում արյուն է տեսել, հասկացել է, որ ինքը վնասել է նրան: Այդ երիտասարդից խմիչքի հոտ է առել:
Երբ մեքենան հեռացել է, ինքը զանգել է իրենց ծառայության երթակարգավարին, վերջինս հետևել է մեքենայի ընթացքին ու տեսել է՝ որ հասցեում է կայանվել: Անմիջապես զանգել է ոստիկանություն ու հայտնել է կատարվածի մասին:
Որոշ ժամանակ անց ինքը ոստիկանության բաժնում վատ է զգացել, իրեն տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժող Վարդան Վ.-ի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: Մամիկոն Ս.-ի առողջությանը նույնպես պատճառվել է թեթև վնաս, ի թիվս այլ վնասվածքների՝ նրա մոտ արձանագրվել է նաև քթոսկրերի կոտրվածք:
Ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Մամիկոն Ս.-ն ճանաչվել է մեղսունակ, նրա մոտ առկա է անձի խանգարում, որը չի խոչընդոտում նրա կողմից իր գործողությունները գիտակցելուն ու դրանք ղեկավարելուն:
Դատարանում Մամիկոն Ս.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա նշել է, թե ինքը ավազակային հարձակում չի կատարել, նման դիտավորություն չի ունեցել, նաև՝ մեքենա փախցնելու դիտավորություն չի ունեցել: Տաքսու վարորդի հետ վիճաբանության մեջ է մտել՝ որպես ուղեվարձ իրենից 5 հազար դրամ պահանջելու համար, այնինչ նախկինում նույն ճանապարհով՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածից մինչև Մալաթիա, տաքսիով երթևեկել ու վճարել է ամենաշատը երկու հազար դրամ: Ըստ ամբաստանյալի՝ իր մոտ հինգ հազար դրամ չկար, բայց ինքը վարորդին ասել է, թե մոտակայքում է ապրում, կարող է գնալ ու տանից գումար վերցնել: Բայց վարորդը վիճել է, հետո մեքենայից վերցրել է դանակ ու դրա գործադրման սպառնալիքով պահանջել է վճարել հինգ հազար դրամ…
Ըստ ամբաստանյալի՝ ինքը հոգեկան խնդիրներ ունի, վարորդի հրահրած վիճաբանության պատճառով ինքը նստել ու մեքենան վարել է ոչ թե փախցնելու նպատակով, այլ՝ «ներվերը հանգստացնելու համար»:
Դատարանն արձանագրել է հանցագործությունների կատարման ռեցիդիվ Մամիկոն Ս.-ի կողմից:
Մամիկոն Ս.-ն մեղավոր է ճանաչվել ավազակային հարձակման ու տաքսի մեքենան փախցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 183 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերով, ու վերջին հաշվով դատապարտվել է 7 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2019 թվականի փետրվարի 2-ից:
Մամիկոն Ս.-ից հօգուտ պետբյուջեի կբռնագանձվի 60 հազար 863 դրամ՝ որպես դատական ծախսերի՝ կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում:



