շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում ունենք առաջին շոշափելի քայլը, որը համատեղ ջանքի արդյունք է․ ՆԳ նախարար

Վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում ունենք առաջին շոշափելի քայլը, որը համատեղ ջանքի արդյունք է․ ՆԳ նախարար

Նոյեմբերի 5-ին ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի փոխանցման արարողությունից հետո ՀՀ-ի կողմից գլխավոր բանակցող, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները հանդես են եկել հայտարարություններով։
 
ՆԳ նախարարն իր ելույթում ընդգծել է, որ այսօր պատմական իրադարձություն է տեղի ունեցել․ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում իրականացվել է առաջին շոշափելի քայլը, ինչը համատեղ ջանքի արդյունք է: Նախարարը կարևորել է, որ Հայաստանի Հանրապետությունը միակ երկիրն է, որը շարունակական երկխոսություն ունի ԵՄ հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում:
 
Նախարարի խոսքով՝ ներկայացված Գործողությունների ծրագիրը լիովին համահունչ է Հայաստանի Հանրապետության բարեփոխումների քաղաքականությանը և ընդգրկում է մի շարք միջոցառումներ, որոնք էական ազդեցություն կունենան Հայաստանի քաղաքացիների կյանքում, մասնավորապես՝ ապահովելով արժանապատիվ ճանապարհորդության հնարավորություն դեպի Եվրոպական Միության տարբեր երկրներ:
 
Արփինե Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հանձնառությունը՝ հետևողականորեն իրականացնել ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները։
 
«Գործողությունների ծրագրի պաշտոնապես փոխանցումը վկայում է համատեղ ջանքի որակի և երկկողմ պատրաստակամության մասին՝ շարունակելու երկխոսությունը և հասնելու վիզաների ազատականացմանը Հայաստանի և նրա քաղաքացիների համար»,- նշել է ՆԳ նախարարը։
Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները նշել է, որ Հայաստանի և Եվրոպական Միության միջև վիզաների ազատականացման երկխոսությունը բաց գործընթաց է, և այն կտևի այնքան, որքան անհրաժեշտ կլինի, որպեսզի ծրագիրը լիարժեք իրականացվի, և բոլոր բարեփոխումները հասնեն իրենց հանգրվանին։
 
Նրա խոսքով՝ ԵՄ-ն և Հայաստանը երկուստեք հանձնառու են ապահովելու, որ գործընթացը լինի ոչ միայն արագ, այլև որակյալ:
 
Յոհաննես Լուխներն ընդգծել է նաև, որ հաջորդ փուլում հայկական կողմը պետք է պաշտոնապես արձագանքի ԵՄ կողմից ներկայացված գործողությունների ծրագրին, իսկ ԵՄ-ն կուղարկի փորձագիտական խմբեր՝ տեղում գնահատելու իրավիճակը և կազմելու համապատասխան զեկույցներ։
 
ՆԳ նախարարի ելույթն ամբողջությամբ՝ https://www.youtube.com/watch?v=vZbebdIPQ-E
 
Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալի ելույթն ամբողջությամբ՝ https://www.youtube.com/watch?v=PArNLNFCxAs
 

  • Կիսվել: