ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Վերջին երկու տարում ՀՀ-ում արձանագրվել է ՃՏՊ-ների հետևանքով մահացության կայուն նվազում․Պարեկային ծառայության աշխատանքի արդյունքը

Վերջին երկու տարում ՀՀ-ում արձանագրվել է ՃՏՊ-ների հետևանքով մահացության կայուն նվազում․Պարեկային ծառայության աշխատանքի արդյունքը

2014-ին, երբ հանրապետությունում գրանցված էր 482876 ավտոմեքենա, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 297 մարդ։ Մինչդեռ 2025 թվականին՝ շուրջ 1 միլիոն գրանցված ավտոմեքենայի պայմաններում, զոհերի թիվը եղել է 283, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 50-ով, իսկ 2024-ին 2023-ի համեմատ նվազել է 45-ով:

Այսպիսով, 2024–2025 թվականների ընթացքում հանրապետության ճանապարհներին խնայվել է 95 կյանք։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

«Ակնհայտ է, որ ՆԳՆ ոստիկանության հենասյունային ուղղություններից պարեկային ծառայության ձևավորմամբ էականորեն մեծացել է ճանապարհային երթևեկության նկատմամբ վերահսկողությունը։

Մահվան ելքով ավտովթարները հիմնականում արագության գերազանցման պատճառով են: Եթե 2014 թվականին արձանագրվել է սահմանված արագության գերազանցման 28802 դեպք, ապա 2024-ին եղել է 82051, իսկ 2025-ին՝ 108576 դեպք։

Այդ համատեքստում կանխարգելիչ նշանակություն ունեն նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու դեպքերը, որոնց թիվը զգալիորեն աճել է։ Եթե 2014 թվականին տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկվել է 90 անձ, ապա 2024 թվականին վարորդական իրավունքից զրկվել է 5696, իսկ 2025-ին՝ 5435 անձ:

Ճանապարհատրանսպորտային անվտանգությունը պահանջում է համալիր մոտեցում՝ ներառելով իրավապահ մարմինների վերահսկողության ուժեղացումը, վարորդների և հետիոտների իրազեկվածության բարձրացումը, կանխարգելիչ ու կրթական ծրագրերի իրականացումը։ Միայն այս ճանապարհով է հնարավոր նվազեցնել պատահարները, ձևավորել առավել անվտանգ միջավայր և պահպանել քաղաքացիների կյանքն ու առողջությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: