«Վեոլիա Ջուր»-ը 2027թ․ համար առաջարկում է պահպանել գործող սակագները
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների 2027թ․ սակագների ճշգրտման հայտը։
Ընկերությունն առաջարկում է 2027 թվականին պահպանել 2026 թվականին գործող սակագները՝ սոցիալապես անապահով համարվող սպառողների համար՝ 180 դրամ/խմ, իսկ մյուս սպառողների համար՝ 200,42 դրամ/խմ՝ ներառյալ ԱԱՀ-ն։
Ըստ ՀԾԿՀ-ի պաշտոնական կայքի՝ հայտը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն Հանձնաժողով է ներկայացրել օգոստոսի 10-ին։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ուսումնասիրելով և քննարկելով լիցենզավորված անձի կողմից ներկայացված հաշվարկներն ու հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթերը, իր իրավասության շրջանակում որոշում է ընդունում հայտի փաթեթը ներկայացնելուց հետո 80 աշխատանքային օրվա ընթացքում։
Նշվում է, որ ջրի բազիսային սակագները ենթարկվում են ճշգրտման՝ հաշվի առնելով մի շարք գործոններ, այդ թվում՝ մանրածախ ջրամատակարարման ծավալը, սղաճը, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությունը, ինչպես նաև ջրային համակարգն այլ նպատակներով օգտագործելու և խմելու ջուրը ոռոգման նպատակով մատակարարելու արդյունքում ստացվող լրացուցիչ հասույթը։
Հիշեցնենք, որ նախորդ տարի Հանձնաժողովը 2026 թվականի համար պահպանել էր գործող սակագները։Ներկայացված նոր հայտով «Վեոլիա Ջուր»-ն առաջարկում է նույն սակագները պահպանել նաև 2027 թվականին։ Վերջնական որոշումը, սակայն, կկայացնի Հանձնաժողովը՝ հայտի և ներկայացված հաշվարկների ուսումնասիրության արդյունքում։



