չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Վեդիում վիճաբանության մասնակից 5 անձ բերման է ենթարկվել․ նրանցից մեկը ստացել է մարմնական վնասվածք․ ոստիկանություն

Վեդիում վիճաբանության մասնակից 5 անձ բերման է ենթարկվել․ նրանցից մեկը ստացել է մարմնական վնասվածք․ ոստիկանություն

Այսօր Վեդիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հանրահավաքի ընթացքում մի քանի սադրիչներ բախում էին հրահրել, որին միջամտել էր ոստիկանությունը։

Տեղում գտնվող ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հայտնել էր, որ մյուս թիմից ինչ-որ մարդիկ պատվերներ են կատարում և սադրանքներ հրահրում.

«Ուզում եմ  ասել, որ վեդեցիները իրենց համար հարստացման մատերիալ  չեն, և վստահ եմ, որ կիրակի օրը մերժելու են ոչ մարդկային այս տեսակին», - նշել էր պատգամավորը եւ հավելել, որ սա առաջին դեպքը չէ, որ մրցակից թիմից փորձում են սադրանքների դիմել։ 

ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ միջադեպի առթիվ նյութեր են նախապատրաստվում․

«Ժամը 12։30-ի սահմաններում Վեդի քաղաքի մշակույթի տան մոտ ծառայություն իրականացնող ոստիկանները նկատել են, որ մի քանի անձ վիճաբանում են, քաշքշում եւ հարվածներ հասցնում իրար։ Հինգ անձ բերման է ենթարկվել ոստիկանության բաժին։ Պարզվել է, որ կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ընթացքում մեկ անձ ստացել է մարմնական վնասվածք։ Այս պահին նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում»։

  • Կիսվել: