ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վայքի հեղուկ գազի լցակայանում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել է ցիստերնից արտահոսած մոտ 20 տ հեղուկ գազ

Վայքի հեղուկ գազի լցակայանում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել է ցիստերնից արտահոսած մոտ 20 տ հեղուկ գազ

Հոկտեմբերի 4-ին, ժամը 23։06-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի հեղուկ գազի լցակայաններից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջերմուկի խճուղում գտնվող հեղուկ գազի լիցքավորման կետերից մեկում՝ մոտ 15 տոննա տարողությամբ հեղուկ գազի վերգետնյա ռեզերվուարում:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Տ. Բ.-ն (ծնված 1970 թ.), Ժ. Բ.-ն (ծնված 1991 թ.) և Մ. Մ.-ն (ծնված 1982 թ.) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները Տ. Բ.-ի և Ժ. Բ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Մ. Մ.-ինը՝ միջին ծանրության:
 
47 քաղաքացի տարհանվել և տեղափոխվել է անվտանգ տարածք։
 
Դեպքի վայրում են գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրեն- ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը և տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:
 
Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 5-ին, ժամը 22:40-ին, մարվել՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 07։20-ին։ Այրվել է ցիստերնից արտահոսած մոտ 20 տ հեղուկ գազը և վնասվել ցիստերնի ծածկը (մոտ 40 քմ, երկաթյա կառուցատարրեր և ազբոշիֆեր)։

  • Կիսվել: