ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վայոց ձորի մարզպետը հանդիպել է Հայկական Կարմիր խաչի ընկերության և ԿԽՄԿ պատվիրակության անդամների հետ

Վայոց ձորի մարզպետը հանդիպել է Հայկական Կարմիր խաչի ընկերության և ԿԽՄԿ պատվիրակության անդամների հետ

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Հայկական Կարմիր խաչի ընկերության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության անդամներին:

Փոխադարձ կարևորելով համատեղ աշխատանքը՝ հանդիպման մասնակիցներն անդրադարձել են այնպիսի կարևոր հարցերի, ինչպիսիք են աղետների կառավարումը, քաղաքացիներին սոցիալական աջակցության տրամադրումը, իրազեկվածության բարձրացումը, մարդասիրական կարիքների բավարարումը, սոցիալ-հոգեբանական աջակցությունը:

Համագործակցությունը լիարժեք և արդյունավետ իրականացնելու նպատակով մարզպետ Արարատ Գրիգորյանն առաջարկել է կատարվելիք աշխատանքները նախապես քննարկել և պայմանավորվածություն ձեռք բերել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների հետ:

Կարմիր խաչի ներկայացուցիչները հետաքրքրվել են մարզի այն խոցելի ոլորտներով, որոնք առավել շատ աջակցության կարիք ունեն:

Կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու համագործակցման ընդլայնման ու խորացման ուղղությամբ, որտեղ առաջնային կարևորություն է տրվել կրթության և գյուղատնտեսության ոլորտներին: Քննարկման առանցքային ուղղություններից էր ռազմական գործողություններին մասնակցած անձանց և նրանց հարազատներին հոգեբանական աջակցության տրամադրման հարցը:

Հանդիպման ավարտին մարզպետի տեղակալը ներկայացրել է համագործակցության շրջանակում կատարված լայնածավալ աշխատանքը, առաջարկել աջակցության ծրագրերում ներգրավել ոչ միայն արցախցի հայրենակիցներին, այլ նաև մարզի խոցելի խմբերին:

Արդյունավետ համարելով համատեղ աշխատանքը թե՛ Covid19-ի, թե՛ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ՝ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել իրենց մարդասիրական առաքելության համար և մաղթել փոխադարձ արդյունավետ աշխատանք:

  • Կիսվել: