կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Վառելիքի լցակայանների անվտանգության նոր կանոններ կսահմանվեն

Վառելիքի լցակայանների անվտանգության նոր կանոններ կսահմանվեն

Ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների (ԱՀՎԼԿ) տեխնիկական անվտանգության միասնական կանոններ կսահմանվեն։ Կառավարությունը որոշում է ընդունել, որի նպատակն է նվազեցնել տեխնածին վթարների և դժբախտ պատահարների ռիսկերը՝ պաշտպանելով բնակչության կյանքն ու առողջությունը։

Ինչպես նշված է որոշման հիմնավորման մեջ, լցավորման կայանները համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ և պետք է տարեկան առնվազն մեկ անգամ անցնեն տեխնիկական անվտանգության փորձաքննություն։ Սակայն մինչ օրս Հայաստանում գոյություն չի ունեցել որևէ իրավական ակտ, որը կկարգավորեր այս կայանների կառուցվածքի, շահագործման, վառելիքի պահման, փոխադրման և վաճառքի անվտանգության պահանջները։

Այս իրավական բացը, ըստ հիմնավորման, ոչ միայն ստեղծում է անհավասար պայմաններ շուկայում, այլև խոչընդոտում է պետական վերահսկողության արդյունավետ իրականացմանը՝ էապես բարձրացնելով վթարների առաջացման վտանգը։

Ներքին գործերի նախարարության կողմից մշակված նախագծով նախատեսվում է սահմանել համալիր պահանջներ, որոնք կներառեն՝

  • Լցակայանների կառուցում, շահագործում և պահպանում. հստակ չափորոշիչներ՝ ուղղված անվտանգության ապահովմանը։
  • Վառելիքի պահեստավորում և տեղափոխում. կանոններ պահեստարանների, խողովակաշարերի և ավտոցիստեռնների համար։
  • Տեխնոլոգիական և էլեկտրական սարքավորումներ. պահանջներ՝ ուղղված սարքավորումների անվտանգ շահագործմանը։

  • Կիսվել: