կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Վարչապետ Փաշինյանը նոր գրառում է արել Թովմասյանի գրիչի վերաբերյալ  

Վարչապետ Փաշինյանը նոր գրառում է արել Թովմասյանի գրիչի վերաբերյալ  

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գրիչի վերաբերյալ, որը վերջինս մի միջոցվառման ժամանակ տվել էր իրեն, ապա հրաժարվել վերցնել։   

«Շոկի մեջ եմ գրիչի գինն իմանալով: Փաստորեն ՍԴ նախագահի պաշտոնին կեղծիքի միջոցով տիրացած անձը թանկարժեք ընծա է մատուցել երկրի նորանշանակ վարչապետին, այդ պրոցեսը համեմելով «իջեւանցու փեսա» լինելու նուրբ ակնարկներով։

Կլանային կառավարման ավանդույթներ ունեցող երկրում սա կարեւոր նրբություն է։ Ի՞նչ է սա, եթե ոչ սեփական ծառայությունների մատուցման առաջարկ, պաշտոնը պահպանելու դիմաց։

Իսկ հիբրիդային հեղաշրջման մասնակիցները արդեն հրապարակային դրսեւորվում են։ Բայց ինչպես ասել եմ, բոլոր դավադրությունների ողնաշարը ջարդված է։

Դուխով, ժողովուրդ ջան։ Զբաղվում ենք տնտեսական հեղափոխությանը նոր տեմպ հաղորդելով։ Մնացած հարցերը հընթացս եւ ձեռքի հետ կլուծենք»,- գրել է վարչապետը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում իր ասուլիսի ժամանակ հավաստիացրել էր, որ Հրայր Թովմասյանը բազմիցս է իրեն առաջարկել իր ծառայությունները, սակայն վարչապետը հրաժարվել է դրանցից։

Ի պատասխան դրան Թովմասյանը վարչապետին 20 ժամանակ տվեց ապացուցելու իր խոսքերը, այլապես նա կդիմի Փաշինյաի դեմ դատարան զրպարտության հայցով։

Վարչապետը Կապանից "մեսեջ" ուղարկեց, խոստանալով Երևան վերադառնալուն պես ներկայացնել շատ "հուժկու" փաստարկներ։ "Միայն թե ինձ չմեղադրեք, որ հարվածը շատ ուժեղ էր։ Ես չէի ուզում դուք ստիպեցիք",- գրել էր վարչապետը իր ֆեյսբուքյան էջում։ 

Կապանից վերադառնալուն պես, վարչապետը, ինչպես և խոստացել էր ներկայացրեց այդ "օբյեկտիվ և արժանահավատ" փաստը, որը ինչպես պարզվեց Հրայր Թովմասյանի գրիչն էր, որը վերջինս մի միջոցառման ժամանակ տվել էր վարչապետին, ապա հրաժարվել հետ վերցնել։  Վարչապետը դա ընդունել էր, որպես Թովմասյանի կողմից «քծնանքի նշան»։

Նշենք, որ Փաշինյանի այս գրառումը արժանացավ ֆեյսբուքյան օգտատերերի բացասական արձագանքին։ Ոմանք գրեցին, որ վարչապետին հարիր չէր մանրանալ «գրիչը, որպես փաստական ապացույց» ներկայացնելու մակարդակի։ Ոմանք այդ փաստին վերաբերվեցին բացահայտ սարկազմով։   

Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանն էլ այս առիթով իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը»։

 

  • Կիսվել: