Վարակի տարածման հիմնական աղբյուրը բակերն ու թաղամասերն են. Փաշինյան
Ներկա շրջանում վարակը հիմնականում տարածվում է բակերում, թաղամազերում, ուստի ոստիկանությունը մի քանի օր է՝ ուժեղացված ծառայություն է իրականացնում բակերում, և այդ գործությունները շարունակվելու են: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
՛՛Այստեղ մենք պետք է շատ արագ հասնենք հակահամաճարակային կանոնների պահպանման բարձր մակարդակի՛՛,-նշեց նա:
Հակահամաճարակային կանոնները պահող բոլոր քաղաքացիներին Փաշինյանը շնորհակալություն հայտնեց, հորդորեց, որ ակտիվիստների խմբերը քաղաքացիներին ճանապարհին մոտենան, խնդրեն, որ դիմակ կրեն:
Նա նշեց, որ իրենք հակահամաճարակային կանոնները պահպանելու գործում կներգրավեն քաղաքացիական հագուստով ոստիկանների, որոնք անձամբ գործողություններ չեն անի, սակայն կարգախմբերի օգնությամբ վարչական իրավախախտումները կֆիքսեն:
՛՛Կներգրավեն նաեւ քաղաքացիական անձինք, որոնք 2-ական խմբով կհսկեն բակերը՛՛,-ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ բակերից ու թաղամասերից բացի՝ վարակի տարածման հիմնական աղբյուր են շարունակում մնալ թաղման արարողություններն ու հոգեհանգստյան արարողությունները:



