Վանաձորում կանցկացվի առաջին կիսամարաթոնը
Սեպտեմբերի 14-ին տեղի կունենա «ՎՄՀ Վանաձորի Կիսամարաթոն 2025»-ը, որը Վանաձորում իրականացվող առաջին կիսամարաթոնն է։ Բարեգործական վազքը կազմակերպվում է «Արմ Մարաթոն» հիմնադրամի, «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի և “TriClub Yerevan” եռամարտի ակումբի կողմից, Վանաձորի քաղաքապետարանի և Լոռու մարզպետարանի աջակցությամբ։
Կիսամարաթոնը նպատակ ունի խթանել առողջ ապրելակերպը, աջակցել Վանաձորում և ՀՀ մարզերում սպորտի մշակույթի տարածմանը և զարգացնել սպորտային տուրիզմը Հայաստանում։
Առաջարկելով տարբեր մրցատարածություններ և փոխանցումավազք՝ մրցավազքը բաց է բոլոր տարիքային և փորձառության աստիճանի մասնակիցների համար։ Հատուկ հյուրեր DJ EKA-ն և Գոռ Սուջյանը կապահովեն օրվա երաժշտական տրամադրությունը։
«ՎՄՀ Վանաձորի Կիսամարաթոն 2025»-ի գլխավոր հովանավորն է Հայաստանի առաջատար բանկը՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն։
Բարեգործական միջոցառումը նվիրված է խոստումնալից կլինիկական դեղագետ, գիտնական, և ԵՊԲՀ Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս Վահե Մելիքսեթյանի հիշատակին, ով զոհվել է 2020 թվականի Արցախյան պատերազմում։ Հատկապես վերջին տարիներին, Վահեն նաև ակտիվորեն մասնակցում էր տարբեր բարեգործական վազքերի։


