կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Վալոդյայի հաղթանակը լույսի նշույլ էր մեր կյանքի փոփոխության համար․ Բագրատ Սրբազան

Վալոդյայի հաղթանակը լույսի նշույլ էր մեր կյանքի փոփոխության համար․ Բագրատ Սրբազան

Իսկապես ցավում եմ շատ սիրելի Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության զազրելի արարքի դառն առիթով։ Այս մասին կալանավայրից գրել է Բագրատ Սրբազանը։

«Մեր աղոթքներն իրենց հոգու խաղաղության, ինչպես նաև Արծրուն Գալստյանի շուտափույթ ապաքինման համար են։ Մեր խորազգաց ցավակցությունները Վալոդյայի և Կարենի ընտանիքներին՝ հայցելով Սուրբ Հոգու զորակցությունն այս ծանր և ողբերգական պահին։

Իմ աղոթքն ու մտածումները ձեզ հետ են։ Մինչև այսօր հիշում եմ Վալոդյայի հետ մեր խոսակցությունը իր հաղթական ընտրությունից հետո, որը ևս մեկ հույսի և լույսի նշույլ էր մեր կյանքի փոփոխության համար։ Թող հոգիդ Աստծո լույսերի և գրկի մեջ հանգչի, սիրելի՛ եղբայր»,-գրել է Սրբազանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։

Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է:

Սպավնածներից մյուսը քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանն է: Նա ծառայության մեջ չի եղել, պարզապես եղել է այդ պահին համայնքապետի հետ։ Նրանք մտերիմ ընկերներ էին։

Երրորդ տուժածը հիվանդանոցում է։

Կրակողը եղել է մեկ անձ, որը մոտեցել է, դիմահար կրակոց բացել և դիմել փախուստի։ Նրա անձը դեռևս հայտնի չէ, կատարվում են որոնողական աշխատանքներ։

ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

  • Կիսվել: