ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վահրամ Դումանյանը հետևել է մանկապարտեզի տնօրենի հավաստագրման քննությունների ընթացքին

Վահրամ Դումանյանը հետևել է մանկապարտեզի տնօրենի հավաստագրման քննությունների ընթացքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մեկնարկել են նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունները, որոնք անցկացվում են առաջին անգամ:

Քննությունների ընթացքին հետևել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Վահրամ Դումանյանը հաջողություն  է մաղթել բոլոր հավակնորդներին՝ նշելով, որ նրանք իրականացնում են շատ կարևոր առաքելություն. «Ի դեմս ձեզ՝ շատ կարևոր է, որ մեր մանուկները լինեն ապահով և վստահելի ձեռքերում»:

Նախարարը հետաքրքրվել է նաև մասնակիցների ինքնազգացողությամբ, տրամադրությամբ, քննությունների համար ստեղծված պայմաններով և այլն:

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների կազմակերպման և անցկացման  ընթացակարգը: Նրա խոսքով՝ ԿԳՄՍ նախարարի հրամանով հավաստագրման համար վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել է  22 կազմակերպություն, և հավակնորդները հնարավորություն են ունեցել ընտրել դրանցից որևէ մեկը: Նախարարի հրամանով հաստատվել է նաև քննությունների և հավաստագրման ժամանակացույցը: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ կարգի համաձայն՝ քննություններն անցկացվելու են միայն մեկ՝ թեստավորման փուլով. յուրաքանչյուր մասնակից հնարավորություն է ունենալու իր տվյալները մուտքագրել համակարգ, որը մշակել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: Համակարգի օգնությամբ նախապես հրապարակված շտեմարանից յուրաքանչյուրի համար ձևավորվում է առանձին թեստ՝ ըստ ոլորտների համամասնության: Հավակնորդը մի քանի տարբերակից ընտրում է ճիշտ տարբերակը և ավարտելուց անմիջապես հետո հնարավորություն ունի տեսնել իր արդյունքը: 90 և ավելի միավոր հավաքելու դեպքում հավակնորդը հաղթահարում է անցողիկ շեմը և 2-3 օրերի ընթացքում ստանում իր հավաստագիրը:
 

Նշենք, որ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունները տեղի կունենան 2022 թվականի նոյեմբերի 1-16-ն ընկած ժամանակահատվածում: Քննություններին մասնակցելու համար դիմել է 431 հավակնորդ:

Ըստ նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցի՝ նոյեմբերի 1-ին 27 հավակնորդից քննությանը մասնակցել է 25-ը՝ ՀՀ մարզերից և Երևանից:

  • Կիսվել: