Վաղը առավոտյան ժամը 6-ից ԱԻՆ ստորաբաժանումները ՀՀ բոլոր հանրային վայրերում կիրականացնեն ախտահանման աշխատանքներ. Հարությունյան
ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է շուրջ 500 ահազանգ, որոնցից 286-ը պայանավորված են եղել զուտ կորոնավիրուսով, իսկ մնացածը՝ կորոնավիրուսի հետ կապված այլ խնդիրներով: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը:
Նա նշեց. «ԱԻ մեքենանաներով մեկուսացվել են շուրջ 400 կոնտակտավոր, փրկարար ծառայության հոգեբանական ծառայության կողմից այս ընթացքում կոնտակտավորներին և նրանց ընտանիքի անդամներին և այլ քաղաքացիների, որոնք դիմել են, ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն»:
Փոխնախարարի խոսքով՝ մինչ այս պահը, ըստ անհրաժեշտության, ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից համայնքների հետ համատեղ մի շարք հանրային տարածքներում իրականացվել են ախտահանման գործողություններ:
Հարությունյանը, մասնավորապես, ասաց. «Եթե մինչ այս պահը իրականացվել են ըստ անհրաժեշտության, վաղը առավոտյան ժամը 6-ից ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից ողջ հանրապետության հանրային տարածքներում, մասնավորապես կանգառներում իմպերատիվ, օրը երկու անգամ կիրականացվեն ախտահանման աշխատանքներ»:



