ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի 130 դասախոս և աշխատակից պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի 130 դասախոս և աշխատակից պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի մի շարք դասախոսներ և աշխատակիցներ հայտարարություն են տարածել, որով միանում են  Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Հայտարարությունում ասվում է․

«Մենք՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ներքոստորագրյալ դասախոսներս և աշխատակիցներս, միանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Կառավարության հրաժարականի հանրային պահանջին և առաջարկում ենք անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Այսօր, երբ մեր հայրենիքը 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության արդյունքում հայտնվել է աննախադեպ մարտահրավերների առջև, որոնք ներկա իշխանությունը ի զորու չէ հաղթահարել, մենք ակնկալում ենք սահմանադրական ճանապարհով հնարավորինս արագ ձևավորել արհեստավարժներից կազմված կառավարություն, որը

• կկանխի պետականության փլուզումը և կվերականգնի մեր ոտնահարված ազգային արժանապատվությունը

• կապահովի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգությունը և պետական սահմանների անձեռնմխելիությունը

• հրատապ կլուծի անհայտ կորած, գերեվարված զինվորների և քաղաքացիների խնդիրները

• կկազմակերպի պատշաճ աջակցություն պատերազմի արդյունքում տուժած ընտանիքներին և վտանգված համայնքներին

• կվերականգնի երկրի դիվանագիտական հարաբերությունները և միջազգային համբավը

• կկասեցնի մոտալուտ ֆինանսական ճգնաժամը և ոտքի կկանգնեցնի կաթվածահար եղած տնտեսությունը։

Մենք՝ բարձրագույն ուսումնական հաստատության ներկայացուցիչներս, պատասխանատու ենք ազգասեր և հայրենասեր սերունդ կրթելու հարցում ու չենք կարող անտարբեր լինել երկրում ծավալված քաղաքական իրավիճակի և բարոյական մթնոլորտի պայմաններում»:

  • Կիսվել: