շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ուժի մեջ կմտնեն օրենսդրական նոր կարգավորումներ՝ ջրային ռեսուրսների պահպանության խնդիրների լուծման համար

Ուժի մեջ կմտնեն օրենսդրական նոր կարգավորումներ՝ ջրային ռեսուրսների պահպանության խնդիրների լուծման համար

Այսօր շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Գայանե Հովսեփյանը և Ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ամփոփել են Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների պահպանության և արդյունավետ կառավարման ոլորտում առկա իրավիճակը, ներկայացրել հաշվետու ժամանակաշրջանում գույքագրված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված օրենսդրական բարեփոխումները։
 
Անդրադարձ է կատարվել նաև 2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական կարգավորումներին։
 
Նախարարի տեղակալը ներկայացրել է կլիմայական փոփոխությունների ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա։ Հանրապետությունում կլիմայական բազմամյա տվյալների վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ վերջին տարիներին թե՛ օդի ջերմաստիճանի, և թե՛ տեղումների շեղումներն աճել են՝ բազիսային ժամանակահատվածի նկատմամբ:
 
Համաձան ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության ազգային IV հաղորդագրության՝ Հայաստանում վերջին տասնամյակներին օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձրացել է 1.250C-ով, իսկ տեղումները նորմայից նվազել են 14%-ով: նույն տվյալների համաձայն ՝ օդի տարեկան միջին ջերմաստիճանը մինչև 2100թ․ կբարձրանա 4.70C-ով,իսկ՝տեղումները 8.3%-ով։
 
Օրենսդրական կարգավորումների շրջանակում բանախոսներն անդրադարձ են կատարել ոլորտը կարգավորող կարևոր փոփոխություններին՝
 
ամրագրվել է հոսքաչափական սարքավորումների տեղադրման պահանջ 2024 թվականի հունվարի 1-ից,
 
ամրագրվել է հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում գործունեությունը փակ շրջանառու համակարգով իրականացնելու պահանջ 2024 թվականի հունվարի 1-ից,
 
նախատեսվել է արգելք Արարատյան դաշտում (Արարատի և Արմավիրի մարզեր) նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով՝ նաև գործող հորատանցքերի միջոցով, նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման համար,
 
ներդրվել է Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի գաղափարը,
 
ընդունվել է Ջրօգտագործման թույլտվության տրամադրման կարգը, համաձայն որի ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը կիրականացվի ավելի հստակ ու մատչելի, օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան:
 
Պատասխանելով լրագրողների հարցերին, նախարարի տեղակալը անդրադարձել է ձկնաբուծարաններում գործունեությունը փակ շրջանառու համակարգով իրականացնելու պահանջին և մեկնաբանել հնչող տեսակետները և կարգի դրույթները։

  • Կիսվել: