շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Ուսումնավարժանքներ և հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ Արարատի և Գեղարքունիքի մարզերում

Ուսումնավարժանքներ և հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ Արարատի և Գեղարքունիքի մարզերում

Մայիս ամսվա ընթացքում ՆԳՆ ՓԾ Արարատի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների ծառայողները տարաբնույթ միջոցառումներ և ուսումնավարժանքներ են իրականացրել՝ ուղղված հանրային իրազեկվածության բարձրացմանը, անվտանգության մշակույթի և աղետակայուն միջավայրի ձևավորմանը, պատրաստվածության և իրազեկվածության բարձրացմանը։
 
Նմանօրինակ միջոցառումները նպատակ ունեն բարձրացնել բնակչության պաշտպանվածությունը՝ տեղեկություններ փոխանցելով համայնքներին բնորոշ աղետների վերաբերյալ, ուղղորդելով և ուսուցանելով վարքականոններ, որոնք հնարավորություն կտան վերջիններիս քայլեր ձեռնարկել և լինել հնարավորինս պաշտպանված։
 
Միջոցառումների ընթացքում, շեշտը դնելով կրթական հատատությունների հետ համագործակցության վրա, Փրկարար ծառայության ստորաբաժանումները կիրառում են տարաբնույթ ուսուցողական նյութեր, ներկայացնում իրական դեպքերից քաղված դասեր, որոնք կնպաստեն աղետների ռիսկի նվազեցմանը և հետևանքների մեղմացմանը։
 
Մարզային փրկարարական վարչությունների ծառայողները Գեղարքունիքի և Արարատի մարզերում մի շարք հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում իրականացրել են «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոններ և տարհանման կազմակերպում» թեմայով դասախոսություններ, որին մասնակցել են վերը նշված հաստատությունների աշակերտները, ուսանողները և ուսուցչադասախոսական կազմը։
 
Դասընթացների ընթացքում ՄՓՎ ծառայողների կողմից ներկայացվել են երկրաշարժի հետևանքով առաջացող ավերվածությունների, վարվելակերպի կանոնների վերաբերյալ դասախոսություններ, ցուցադրվել են տեսաֆիլմեր, ինչպես նաև թեմային առնչվող հարցերի շուրջ տրվել են սպառիչ պատասխաններ։
 
Դասախոսություններին զուգահեռ գիտելիքի փոխանցումն առավել պատկերավոր դարձնելու նպատակով մարզային ստորաբաժանումների անձնակազմը Գեղարքունիքի մարզի Գավառի պետական բժշկական քոլեջում, Սևան քաղաքի «Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց» և «Զոլաքար գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ներում անցկացրել են «Հրդեհաշիջում և տարհանում, տուժածներին առաջին օգնության ցուցաբերում», «Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը դպրոցում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ՝ բարելավելով ներգրավված անձնակազմի գիտելիքները, արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունները և կարողությունները։
 
Արարատի մարզպետարանում կազմակերպվել և անցկացվել է շտաբային ուսումնավարժություն՝ «Խոշոր անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպումը» թեմայով, որի նպատակն էր կատարելագործել մասնակիցների տեսական գիտելիքները՝ խոշոր անտառային հրդեհների դեպքում հրդեհաշիջման և բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման ուղղությամբ և ստուգել Արարատի մարզի «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության կազմակերպման պլանի» իրատեսությունը։
 
Ուսումնավարժության ղեկավար է հանդիսացել Արարատի մարզպետ Ս․Թևոնյանը, իսկ ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ՝ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Ա․ Ղուկասյանը։
 
Մասնակիցների շարքում էին մարզի արտակարգ իրավիճակների հանձնաժողովը, տարհանման հանձնաժողովը և Ուրցաձոր բնակավայրի ներկայացուցիչը։
 
Ուսումնավարժությունն անցկացվել է երկու փուլով։ Քննարկվել է ստեղծված իրավիճակը, որի ժամանակ առաջարկություններով հանդես են եկել մարզի տարհանման հանձնաժողովի նախագահի տեղակալը և քաղաքաշինության վարչության բնակարանային և ենթակառուցվածքային գործունեության վարչության պետը։
 
Համաձայն ուսումնավարժության իրավիճակի զարգացման պլանի՝ ուսումնավարժության մասնակիցներին տրվել են միջանկյալներ, որոնց վերաբերյալ մասնակիցները ներկայացրել են զեկույցներ։
 
Ավարտին տեղի է ունեցել ուսումնավարժության ամփոփում, նշվել, որ այն ծառայեց իր նպատակին՝ հնարավորություն տալով նկատելու բացթողումներն ու թերությունները՝ միաժամանակ աշխատանքներ իրականացնել դրանց վերացման ուղղությամբ։

  • Կիսվել: