հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ուսուցիչների կամավոր ատեստավորմանը 2023 թվականին մասնակցել է 4293 ուսուցիչ. Արաքսիա Սվաջյանն ամփոփեց տարին

Ուսուցիչների կամավոր ատեստավորմանը 2023 թվականին մասնակցել է 4293 ուսուցիչ. Արաքսիա Սվաջյանն ամփոփեց տարին

Ուսուցիչների կամավոր ատեստավորումը 2023 թվականից  սկսած անցկացվում է 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների, այդ թվում` տարրական դասարանների դասվարների համար:

Այս մասին նշեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն՝ ամփոփելով 2023 թվականի ընթացքում ոլորտում իրականացված աշխատանքները: 

Նրա խոսքով՝ կամավոր ատեստավորմանն այս տարի հայտ է ներկայացրել 6320 ուսուցիչ:  Ատեստավորմանը մասնակցել է 4293 ուսուցիչ, որից 1018-ը ցուցաբերել է 70-79 տոկոս արդյունք, 714-ը՝ 80-89 տոկոս, 246-ը՝ 90-100 տոկոս արդյունք: 998 ուսուցիչ համարվում է ատեստավորված և ունի դրույքաչափի փոփոխություն: Կամավոր ատեստավորման երեք տարվա վերլուծության արդյունքում՝ առանց կրկնակի մասնակցության, 70-100 տոկոս արդյունք է ցուցաբերել  և համապատասխան տոկոսով հավելավճար է ստանում 2697 ուսուցիչ,  իսկ  1133  ուսուցիչ ունի դրույքաչափի փոփոխություն:

«2021-2023 թթ. կամավոր ատեստավորման համար հայտ է ներկայացրել 11 հազար 575 ուսուցիչ, գործընթացին մասնակցել է 7618 ուսուցիչ, 70-79 տոկոս արդյունք է ցուցաբերել 1705-ը, 80-89 տոկոս՝ 1284-ը, 90-100 տոկոս՝ 560-ը, իսկ 60-69 տոկոս արդյունք ցուցաբերել է 1630 ուսուցիչ: Վերջին խմբի ուսուցիչները դրույքաչափի փոփոխություն են ունեցել. աշխատավարձը սահմանվել է 200 հազար դրամ:

2023 թվականին պարտադիր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների թիվը 10 հազար 473  է: Վերանայվել է ուսուցիչների պարտադիր ատեստավորման կազմակերպման գործընթացը. 2024 թվականից ուսուցիչն ատեստավորվելու է մասնագիտական կարիքին համապատասխան մոդուլով վերապատրաստում անցնելուց և անհրաժեշտ չափով կրեդիտներ հավաքելուց հետո»,- ասաց Սվաջյանը:

Նա նշեց, որ 2023 թվականին  մեկնարկել է տարակարգի շնորհման գործընթացը՝ նոր կարգի պահանջներին համապատասխան: 2023 թվականին 109 ուսուցչի շնորհվել է տարակարգ. 1–ին աստիճան՝ 36 ուսուցիչ, 2–րդ աստիճան՝ 29, 3–րդ՝ 26, 4–րդ՝ 18 (մեխանիզմի վերանայման արդյունքում 2013 թվականին մեկնարկած ծրագրի շրջանակում առաջին անգամ ուսուցիչները ստացել են 4-րդ աստիճանի տարակարգ)։

«Նշեմ, որ նոր չափորոշիչի ներդրմամբ պայմանավորված՝ վերանայվել են հաստատությունում դասավանդողների դրույքի վերաբերյալ կարգավորումները, հիմնական և ավագ դպրոցների դասավանդողների համար սահմանվել է շաբաթական 20, իսկ տարրականում՝ 18 դասաժամ:

2022 թվականին պարսկերեն, վրացերեն, թուրքերեն, ադրբեջաներեն առարկայական ծրագրերը մշակվել և երաշխավորվել են գործածության, և 2023 թ. սեպտեմբերից  տարածաշրջանային լեզուների ուսուցումը՝ որպես 3-րդ օտար լեզու կամ խմբակ, իրականացվում է հետևյալ բաշխվածությամբ՝ պարսկերեն՝ 15, վրացերեն՝ 5, թուրքերեն՝ 9, ադրբեջաներեն՝ 3 հաստատությունում»,- ասաց նա:

Արաքսիա Սվաջյանը նկատեց, որ  «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություններում ամրագրված է ուսումնական հաստատություններում կառավարման գործընթացի տարանջատումը տնօրենի և վարչատնտեսական մասի համակարգողի միջև: Երկու ղեկավարների ընտրությունը հնարավորինս պատշաճ կազմակերպելու արդյունքում ակնկալվում է արհեստավարժ և արդյունավետ կառավարում՝ գործառույթների և պատասխանատվության հստակ բաշխմամբ: Ըստ նրա՝ 2023 թվականին կառավարման նոր համակարգի անցած հաստատությունների թիվը 170 է: Դպրոցներից 50-ում նշանակվել են տնօրեններ, 97-ում՝ վարչատնտեսական մասի համակարգողներ:

  • Կիսվել: