շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ուսանողական վարկ ստանալու համար այլևս ծնողների եկամուտների վերաբերյալ փաստաթուղթ չի պահանջվի

Ուսանողական վարկ ստանալու համար այլևս ծնողների եկամուտների վերաբերյալ փաստաթուղթ չի պահանջվի

Հայաստանում ուսանողական վարկերի պայմանները հեշտացվում են: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

Նա նշեց, որ այս պահին կա 11 150 ուսանողական վարկ:

Անդրադառնալով կառավարության հակաճգնաժամային 14-րդ միջոցառմանը՝ ԿԲ նախագահն ասաց, որ 80-ից բարձր ՄՕԳ ունեցող ուսանողները վարկ կստանան զրո տոկոսով, նաև գործող վարկերը դառնում են զրո տոկոսով, իսկ 80-ից ցածր ՄՈԳ ունեցողների համար վարկի տոկոսը իջնում է՝ դառնալով տարեկան 4 տոկոս:

Ըստ Արթուր Ջավադյանի, ուսանողական վարկի ձևակերպման համար այլև նոտարի կողմից հաստատված երաշխավորություններ ծնողների կողմից պետք չեն: «Սա նշանակում է, որ վարկերի ստացման ընթացակարգն էլ է հեշտացվել: Մենք, փաստորեն, հասանելի ենք դարձնում վարկերը բոլոր ուսանողների համար: Ակնկալում ենք, որ մեծ թվով ուսանողներ կդիմեն վարկավորման համար, քանի որ պայմանները լավն են»,- ասաց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին՝ ուսման տարիներին ուսանողները մայր գումար չե՞ն վճարում, ԿԲ նախագահը դրական պատասխան տվեց։

«Սա նշանակում է, որ 80-ից  բարձր ՄՈԳ ունեցողները ուսումնառության ընթացքում  ընդհանրապես որևէ վճարում չեն անի: Վճարում կսկսեն անել միայն ավարտելուց հետո: Այսպիսով, 100 տոկոսով կատարվում է մեր քաղաքական այն հանձնառությունը, որ բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող ուսման վարձ չվճարելու պատճառով չի հեռացվի բուհից»,- ընդգծեց վարչապետը:

Արթուր Ջավադյանն էլ ասաց, որ վարկավորումն իրականացվելու է 4 նվագով, ամեն տարի ստանալու է մեկ նվագ. «Ուսանողները նաև հնարավորություն ունեն ուսանելուց հետո ևս մեկ տարի վճարում չանել: Իսկ 80-ից ցածր ՄՈԳ ունեցողները կարող են ուսման տարիներին վճարել միայն 4 տոկոսը: Այսինքն՝ աշխատանք ունենալուց հետո ուսանողները կարող են վճարել վարկի գումարը»։

Նա նաև նշեց, որ գրեթե հավանականություն չկա, որ ուսանողը դիմի վարկի համար ու մերժվի, որովհետև ոչ մի փաստաթուղթ ուսանողից չի պահանջվելու իր եկամուտների մասին. «Մերժվելու հավանականությունը գրեթե զրո է, նույնիսկ ծնողների եկամուտների բացակայության դեպքում մերժվելու հավանականությունը գրեթե զրո է»։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հստակեցրեց, որ այս փոփոխությունը վերաբերում է մայիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածին, որից հետո կգործեն հին ցուցանիշները:

 

  • Կիսվել: