երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ունենք ընտանեկան բժիշկներ, ովքեր ստանում են 300-400 հազար աշխատավարձ․ Գյումրու Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն

Ունենք ընտանեկան բժիշկներ, ովքեր ստանում են 300-400 հազար աշխատավարձ․ Գյումրու Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն

Նախօրեին Շիրակի մարզպետից հատուկ հանձնարարական ենք ստացել ամբողջ ծավալով անվճար բուժօգնություն տրամադրել բռնի տեղահանված եւ Շիրակի մարզում ապաստան գտած արցախցի մեր հայրենակիցներին՝ առանց որեէ տեսակի բացառությունների։ Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն Սուսան Պետրոսյանը։

Խոսելով ՀՀ-ում և մանսվարոպես Շիրակի մարզում ամբուլատոր ծառայությունների որակից՝ նա մասնավորապես ասաց․ «Ես համամիտ չեմ, որ բնակչության շրջանում ամբուլատոր բուժօգնության նկատմամբ կա որևէ անվստահություն։ Գուցե տարիներ առաջ, այո, եղել է նման անվստահություն, բայց ընդհանուր առմամբ, որպես ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն, կարող եմ վստահեցնել, որ ազգաբնակչությունը չի դժգոհում առաջնային օղակի ծառայություններից, քանի որ յուրաքանչյուրն հնարավորություն ունի ընտրել իր բժշկին։ Բժիշկն էլ իր հերթին շահագրգռված է, որպեսզի իրեն վստահած հիվանդը գոհ մնա, քանի որ ընտանեկան բժիշկները ստանում են բոնուսներ դրական արձագանքներից, որն անմիջականորեն անդրադառնում է իր աշխատավարձի վրա։ Ունենք ընտանեկան բժիշկներ, ովքեր ստանում են 300-400 հազար աշխատավարձ՝ շնորհիվ բոնուսների։ Վերջին տարիներին կարող եմ վստահաբար ասել, որ եւ դիմելիությունն է բարձրացել, որի արդյունքում ունենք հիվանդությունների կանխարգելման դրական դինամիկա եւ վստահությունը առաջնային օղակի ընտանեկան բժիշկների նկատմամբ։ Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոնը մարզում միակ ընտանեկան բժշկության կենտրոնն է, սպասարկում ենք շուրջ քսան հազար ազգաբնակչության։ Ունենք դժվարամատչելի հետազոտություններ, որոնք բացակայում են մարզի այլ պոլիկլիկնաներում՝ էխո-սրտագրություն, դոպլեր, էլեկտրոէնցեֆալոգրաֆիա, որոնք մեր շահառուների համար իրականացվում են պետպատվերի շրջանակներում։

Անդրադառնալով խնդիրներին բժշկության կենտրոնի տնօրենը առանձնացնում է նեղ մասնագետների խնդիրը․

-Ունենք նեղ մասնագետների խնդիր, ճիշտ է ներկա պահին ապահովված ենք նեղ մասնագետներով, բայց նրանք մեզ մոտ աշխատում են համատեղությամբ, այսինքն ամբողջ օրվա ընթացքում ներկա չեն լինում, ինչի կարիքը ունենում ենք օրվա ընթացքում։ Հաջորդ խնդիրը շենքային պայմաններն են, վերջին անգամ շենքը հիմնովին վերանորոգվել է 2003թ․-ին։ Բայց շենքի բարեկարգում ներառված է մեր առաջիկա ծրագրերի մեջ։ Այս ամենին զուգահեռ ունենք նաեւ ձեռքբերումներ՝ վերջերս ԱՆ-ի կողմից ստացանք նորագույն, ժամանակակից ռենտգեն սարքավորում, ինչը նպաստեց ազգաբնակչության հոսքի ավելացմանը։ Ունենք լաբարատոր-գործիքային անալիզատոր, ժամանակակից կուագուլոմետր, վերանորոգվել է ռենտգեն կաբինետը։ Մի քանի օր առաջ էլ Մարզպետարան ենք ներկայացրել անհրաժեշտ սարքավորումների ցանկը։ Խիստ անհրաժեշտություն ունենք նոր, ժամանակակից սոնոգրաֆիկ սարքի։ Ես վստահ եմ, որ առաջիկայում կապահովվենք անհրաժեշտ սարքավորումներով, որովհետեւ ներկա մարզային իշխանությունները բարձրացված ոչ մի խնդիր անպատասխան չեն թողնում, հնարավորինս արագ լուծման մեխանիզմներ են գտնում։ Մարզպետը ինքը ամենօրյա ռեժիմով աշխատում է մարզային առողջապահական զարգացմանը միտված ծրագրերի իրականացման շուրջ։ Օրինակ, ունեցել ենք 6-7 բնակիչներ, ովքեր որեւէ կերպ չէին կարող ներառվել պետպատվերով սահմանված արտոնությունների ցանկում, դիմել ենք մարզպետարան, եւ հենց մարզպետի աջակցությամբ ստացել ենք պետպատվերի շրջանակում արտոնություններից օգտվելու հնարավորություն։ Օրերս ստացել ենք մարզպետարանից հատուկ գրություն, որպեսզի պետպատվերի ցանկում ընդգրկվեն ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցները, այսինքն մեզ մոտ գրանցվելու դեպքում կարող են լիարժեք ստանալ անվճար դեղորայք, բժշկական խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում կարող ենք ուղեգրել ստացիոնար բուժման իր ամբողջական ծավալով։

Մեր շրջայցի ընթացքում փորձեցինք նաև պացիենտներից ճշտել իրենց գնահատականը պոլիկլինիկայում մատուցվող ծառայությունների վերաբերյալ․

«30 տարի է այս պոլիկլինիկայի ծառայություններից ենք օգտվում, դե պատկերացրեք, թե որքան գոհ ենք, իսկ նոր տնօրենի օրոք բուժսպասարկման որակը էլ ավելի է բարձրացել»,- վստահեցրեց պացիենտներից մեկը։

  • Կիսվել: