երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ունենք բռնկում, բայց դեպի մարում է գնում. Ավանեսյանը՝ կարմրուկի մասին

Ունենք բռնկում, բայց դեպի մարում է գնում. Ավանեսյանը՝ կարմրուկի մասին

Իրավիճակը վերահսկելի է, լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով կարմրուկով պայմանավորված իրավիճակը։

Նա նշեց, որ այս պահին բռնկումը գնում է դեպի մարման.«Իհարկե, մեր զգոնությունը դրանից չի իջնում, հնարավորինս բոլոր ԲԿ-ներում  բոլոր նախանշանները, որոնք կարող են լինել կարմրուկի պարագայում, հետաքննվում են և արվում են բոլոր հետազոտական  աշխատանքները, որպեսզի որևէ բան բաց չթողնենք։

Այո՛, ցավալի է, որ ունեցել ենք բալիկի մահվան դեպք։ Ցավով նշեմ, որ բալիկը պատվաստված չի եղել և ունեցել է այլ հիվանդություն, որն իրավիճակն ավելի բարդացրել է։ Դրա համար բոլոր պատվաստումները թող չուշացնեն, որպեսզի նման դեպքեր չունենանք։ Մինչ քովիդը ունեինք 93-94 տոկոս պատվաստում, քովիդի ժամանակ բավական իջել էր, քանի որ ունեինք աշխատանքների խաթարում։ 2022-ին վերականգնել ենք մեր ցուցանիշները, հույս ունենք, որ այս տարի ևս պետք է ունենանք բավարար ցուցանիշ։ Խնդիր ենք դրել, որ հասնենք 95-96 տոկոսի՝ ըստ տարիքային շեմի և ամեն ինչ պետք է անենք, որ դրան հասնենք»։

  • Կիսվել: