Թվայնացման նպատակով աշխատանքային գրքույկները ներկայացնելու ժամկետն ավարտվում է դեկտեմբերի 30-ին
Միասնական սոցիալական ծառայությունը հիշեցնում է, որ աշխատանքային գրքույկները թվայնացման նպատակով Ծառայության տարածքային բաժիններ ներկայացնելու ժամկետն ավարտվում է 2021 թ. դեկտեմբերի 30-ին:
Գրքույկները Միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժիններ (այսուհետ՝ Ծառայություն) ներկայացնելու ժամկետները՝
1000 և ավելի աշխատող ունեցող գործատուները` սույն ծանուցումը ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում.
300-1000 աշխատող ունեցող գործատուները՝ սույն ծանուցումը ստանալուց հետո վեց ամսվա ընթացքում.
100-300 աշխատող ունեցող գործատուները՝ սույն ծանուցումը ստանալուց ինն ամսվա ընթացքում.
50-100 աշխատող ունեցող գործատուները՝ սույն ծանուցումը ստանալուց հետո տասներկու ամսվա ընթացքում.
մինչև 50 աշխատող ունեցող գործատուները՝ սույն ծանուցումը ստանալուց հետո տասնհինգ ամսվա ընթացքում:
Մինչև աշխատանքային գրքույկները Ծառայություն ներկայացնելն անհրաժեշտ է աշխատանքային գրքույկի հայերեն և ռուսերեն լրացված ենթաբաժինների գրառումների վերջին տողից հետո նշել լրացված բոլոր էջերի թիվը, ստորագրել և կնքել (առկայության դեպքում) երկու ենթաբաժինները՝ նշելով աշխատանքային գրքույկը լրացնող անձի զբաղեցրած պաշտոնը, անունը, ազգանունը:
Կատարված փոփոխությունների համաձայն աշխատանքային գրքույկները չներկայացրած գործատուների վրա գրքույկները ներկայացնելու պարտականությունը կարող է դրվել դատական կարգով: