շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ծխողների մոտ քաղցկեղի առաջացման հավանականությունը մի քանի անգամ մեծանում է. մասնագետ

Ծխողների մոտ քաղցկեղի առաջացման հավանականությունը մի քանի անգամ մեծանում է. մասնագետ

Մայիսի 31-ին նշվում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը, որն ԱՀԿ-ն սահմանել է 1987 թվականին՝ հանրության ուշադրությունը ծխախոտի մահացու հետևանքների վրա հրավիրելու համար: Ծխախոտը հանրային առողջության լուրջ սպառնալիքներից է: Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների համաձայն` 16 տարեկանից բարձր բնակչության 27-ից ավելի տոկոսը ծխում է: Ծխողների գերակշիռ մասը տղամարդիկ են՝ 51.5 տոկոս, կանանց շրջանում այդ ցուցանիշը կազմում է 1.8 տոկոս։ Մասնագետները պնդում են, որ ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների բոլոր տեսակները  վնասակար են առողջության համար,  չկա դրանց անվնաս չափաբաժին:

Ծխելը շատ լուրջ ռիսկի գործոն է մի շարք ոչ վարակիչ հիվանդությունների համար։ Հրավիրված ասուլիսում հանրային առողջության մասնագետ, սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը նշեց, որ ոչ վարակիչ հիվանդություններից մահացության կառուցվածքում գերակշռում են սիրտանոթային հիվանդությունները։ Կարծես՝ թիվ մեկ մարդասպանն է դարձել։

«Ծխախոտի կիրառումը առաջին ռիկսի գործոնն է այս հիվանդությունների առաջացման ու մահացության տեսանկյունից։ Ասեմ, որ սրտի բաց վիրահատություն ունեցած բուժառուների 70 տոկոսից ավելին ծխել է։ Այսօր ծխելը տարածվում է կանանց ու դեռահասների շրջանում։ Շատ կարևոր են ծխելու դեմ պայքարին ուղղված միջոցառումները, ծրագրերը։ Տարածվածության ցուցանիշի նվազմամբ մենք կունենանք առավել առողջ հասարակություն։ Երբ նպաստում ենք, որ երիտասարդ, առողջ մարդը թողնի ծխելն, ապա ունենում ենք առողջ հասարակություն հենց աշխատունակ տարիքում»,-ասաց Տաթևիկ Հովակիմյանը։

 

Ծխախոտը գլխավոր ռիսկի գործոն է նաև ուռուցքային հիվանդությունների՝ հատկապես թոքի քաղցկեղի դեպքում։ ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար, քիմիաթերապևտ Նաիրա Ջանոյանի խոսքով, ծխող մարդու մոտ քաղցկեղի հավանականությունը մի քանի անգամ մեծանում է։ Ծխող տղամարդկանց 80 տոկոսի մոտ թոքի քաղցկեղ է առաջանում։

«Եթե մարդը օրական ծխում է 1-14 գլանակ, ուրեմն թոքի քաղցկեղի հավանականության գործակիցը 7,9 է, իսկ եթե ծխում են մեկ տուփ, այդ գործակիցը դառնում է 25։ Այստեղ թիվն իր մասին խոսում է և պարզ երևում է ռիսկի հավանականությունը։ Մենք պետք է հաշվի առնենք նաև այն, որ ծխող քաղաքացին ծուխը տարածում է իր ընտանիքի անդամների շրջանում։ Պասիվ նյութը նստում է մարդկանց շնչառական ուղիների վրա, ինչը ևս բազմաթիվ հիվանդությունների պատճառ է դառնում»,-ասաց Նաիրա Ջանոյանը։

2022 թվականի Հայաստանում թոքի քաղցկեղի 883 նոր դեպք է գրանցվել, 2021 թվականին այդ ցուցանիշը եղել է 810։ 2022 թվականին կոկորդի քաղցկեղի 114 դեպք է գրանցվել, 2021-ին՝ 120։ Նաիրա Ջանոյանն ընդգծեց, որ խիստ մտահոգող ու ցավալի ցուցանիշ է։

Բուժառուներին ուղղված մասնագետների գլխավոր հորդորը ծխելը թողնելն է, սակայն դա բավարար չէ։ Փորձը ցույց է տալիս, որ շատերը դժվարությամբ են թողնում կամ եթե թողնում են ծխելը, ապա 6 ամիս անց կրկին վերսկսում են։ Դրա համար անհրաժեշտ է մասնագիտական աջակցություն։ ՀՀ առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը նշեց, որ 2020 թվականից ներդրվել է սոցիալ-հոգեբանական ծառայություն։

«Մենք սկսեցինք աջակցություն տրամադրել նիկոտինից կախվածություն ունեցող բուժառուներին։ Առողջապահության նախարարությունն ունի ծխելը դադարեցնելու գործընթացին աջակցող թեժ գիծ։ Հոգեբան-խորհրդատուն աջակցություն է տրամադրում։ Ուրախությամբ պետք է ասեմ, որ զանգերը բավական շատ են, օրական 7-8 զանգ է լինում։ Այն մարդիկ, որոնք չեն կարողանում թողնել ծխելը, ապա առաջարկվում է այցելել մեր կենտրոն։ Տրամադրվում է հոգեբանի խորհրդատվություն, եթե պետք է նաև նշանակվում է դեղորայքային բուժում»,-ասաց Սուրեն Նազինյանը։

  • Կիսվել: