Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցվեց Ադրբեջանի ոճրագործություններին և բռնություններին զոհ դարձած հայերի հիշատակին
Ծիծեռնակաբերդում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների հետևանքով զոհված հայերի հիշատակին և հայության իրավունքների պաշտպանությանը․ միջոցառման մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին 1988-1992 թվականներին Ադրբեջանի կողմից ոճրագործությունների և զանգվածային բռնությունների հետևանքով զոհված հայերի հիշատակին։
«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանն իր խոսքում նշեց, որ մինչև այսօր նորանկախ Հայաստանի Հանրապետությունը որևէ որոշում չի ընդունել այն մասին, որ Ադրբեջանի գործողությունները՝ սկսած 1988 թվականից մինչ օրս, հանդիսանում են ցեղասպանություն:
«Այդ հանցագործությունը ոչ միայն հայերի հանդեպ է, այլև մարդկության դեմ է։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, արցախյան արմատներ ունեցող անձ և որպես Բաքվում ծնված անձ, գիտեմ, թե ինչ նպատակներով և մտադրություններով է ղեկավարվել նախկինում Սովետական Ադրբեջանը հետո էլ արդեն ներկայիս Ադրբեջանը»,-ասաց Ալավերդյանը։
Նա հանրությանը կոչ արեց ազատ լինել և արտահայտվել ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ իրականացված գործողությունների մասին։
Անդրադառնալով Բաքվում ապօրինի կերպով անազատության մեջ պահվող հայերին, մասնավորապես շինծու դատական գործընթացների միջով անցնող Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին՝ Ալավերդյանը չափազանց կարևոր համարեց այդ ապօրինի գործընթացների մասին բարձրաձայնելը և ճշմարտությունն աշխարհին ներկայացնելը։
«Շատ լավ է, որ մենք այսօր հիշում և պայքարում ենք ոչ միայն հիշատակը պահելու համար, այլև արցախահայերի իրավունքները վերականգնելու համար»,-ընդգծեց Լարիսա Ալավերդյանը։
Միջոցառմանը մասնակցում էր նաև Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, որը նշեց, որ անհրաժեշտ է հասկանալ՝ Հայաստանն այնպիսի տարածաշրջանում է, որ մշտապես գտնվել է պայքարի մեջ՝ ունենալով ինչպես հաջողություններ, այնպես էլ ցավալի պարտություններ։
«Օրվա խորհրդի համաձայն՝ այսօր պետք է գլուխ խոնարհենք ոչ միայն ցեղասպանության զոհերի, այլև մեր ամբողջ պատմության ընթացքում մեր ինքնությունը պաշտպանած բոլոր այն հայորդիների հիշատակի առաջ, որոնք մասնակցել են բոլոր ժամանակահատվածների մարտական գործողություններին, հատկապես Արցախի համար մղված բոլոր պատերազմերում»,-ընդգծեց Օհանյանը։
Նրա կարծիքով՝ հայերի նկատմամբ ցեղասպանական գործողություններ իրականացրած թուրք-ադրբեջանական տանդեմն այսօր էլ փորձում է հրաժարվել իր կատարած ոճրագործություններից։
«Այսօր մենք մեր ձայնն ուղղում ենք միջազգային հանրությանն առ այն, որ հայկական հետքերն Արցախից ջնջվում և ոչնչացվում են։ Միջազգային հանրությունը պետք է հստակ գիտակցի և իմանա այս ամենի մասին»,-ասաց Սեյրան Օհանյանը՝ շեշտելով, որ տեղի ունեցած և ընթացող իրադարձություններից անհրաժեշտ է հետևություններ անել և ոչ մի դեպքում չկոտրել պայքարի ոգին։
Միջոցառման մասնակից, Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Գեղամ Ստեփանյանը կարծիք հայտնեց, որ այս օրերին հայերի դեմ իրականացվող գործողությունները հենց Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի հայ բնակչության դեմ իրականացված բռնությունների շարունակությունն են։
Գեղամ Ստեփանյանն անդրադարձ կատարեց նաև այս օրերին Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ իրականացվող անմարդկային գործողություններին և խոշտանգումներին՝ նշելով, որ գերիների նկատմամբ անցկացվող կեղծ դատավարությունների լուսանկարներում և տեսանյութերում հստակ արձանագրվում է, թե ինչ սարսափելի իրավիճակում են պահվում այդ մարդիկ։
«Մենք պարզապես իրավունք չունենք հապաղելու։ Պետք է մոբիլիզացնել բոլոր ջանքերը Հայաստանում, սփյուռքում, այլ երկրներում ապրող մեր հայրենակիցների շրջանում՝ օր առաջ մեր հայրենակիցներին գերությունից ազատելու համար։ Մարդիկ պետք է դադարեն անտարբեր լինել։ Մարդիկ պետք է հասկանան, որ պայքարում են ոչ թե անձերի համար, այլ կոնկրետ հայ ժողովրդի համար, և նրանց իրավիճակում կարող էր հայտնվել մեզանից յուրաքանչյուրը»,-ընդգծեց Ստեփանյանը։
Միջոցառման մասնակիցները ընթերցեցին «Ադրբեջանի ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթած հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ» հայտարարություն՝ ուղղված ինչպես հայ հասարակությանն, այնպես էլ միջազգային հանրությանը։