շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ծեծկռտուք կալանավորի և անվտանգության աշխատակիցների միջեւ. ինչ է եղել «Արթիկի» բանտում

Ծեծկռտուք կալանավորի և անվտանգության աշխատակիցների միջեւ. ինչ է եղել «Արթիկի» բանտում

Մհեր Կաղզվանցյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2019 թվականի հոկտեմբերի 08-ից հանդիսանալով ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿ հիմնարկի կալանավորված անձ, հաստատապես իմանալով, որ նույն քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ, արդարադատության ավագ Թաթոս Համբարյանն իշխանության ներկայացուցիչ է, նրա նկատմամբ գործադրել է առողջության համար ոչ վտանգավոր բռնություն՝ կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, գրում է armlur.am-ը:

2019 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի 1-ին մասնաշենքի 1-ին խցում խուզարկություն է իրականացվել եւ մեծ աղմուկ է բարձրացել: Բարձրացված ձայներից նույն մասնաշենքի 6-րդ խցի կալանավորված անձ Մհեր Կաղզվանցյանը ձայն է տվել մասնաշենքում ծառայություն իրականացնող Թաթոս Համբարյանին: Արդյունքում, Թաթոս Համբարյանը մոտեցել է խցի դռանը և բացելով սննդի փոխանցման դռնակը՝ հարցրել է, թե ինչ է պատահել: Մհեր Կաղզվանցյանը, աջ ձեռքը դնելով սննդի դռնակի վրա, հարցրել է, թե ինչ ձայներ են:

Այդ պահին Թաթոս Համբարյանը, վերը նշված հրամանի դրույթների համաձայն՝ պարտավոր լինելով հետևել կալանավորված անձանց կողմից ներքին կանոնակարգի պահանջների պահպանմանը և միջոցներ ձեռնարկել՝ կանխելու այլ իրավախախտումներ կատարելու փորձերը, նրան ներկայացրել է օրինական պահանաջ՝ խցի սննդի փոխանցման դռնակից դուրս հանված ձեռքը վերցնել դռնակի վրայից և հետ քաշել, որպեսզի դռնակը փակի, սակայն Մ.Կաղզվանցյանը, չենթարկվելով նրա օրինական պահանջին, ծառայողական հիշյալ պարտականությունները կատարելու հետ կապված, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել Թաթոս Համբարյանի նկատմամբ:

Մասնավորապես, մեկ անգամ սննդի դռնակի բացվածքից դիտավորությամբ ձեռքով ապտակել է նրա դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո Թաթոս Համբարյանի ձայնից եկել են նույն հիմնարկի անվնագության ապահովման բաժնի ծառայողներ՝ Էդգար Կյուրեղյանը, Ռաֆիկ Մովսիսյանը, Հովհաննես Կարախանյանն ու Գևորգ Հակոբյանը, բացել են խցի դուռը, որպեսզի կանխեն կալանավորված անձ Մհեր Կաղզվանցյանի հետագա անօրինական գործողությունները և գործեն ըստ սահմանված կարգի, սակայն վերջինս, շարունակելով իր դիտավորությունը, վիճաբանության մեջ է մտել Թաթոս Համբարյանի հետ, սեռական բնույթի հայհոյանքներ տալով նրան՝ կրկին ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել Թ.Համբարյանի նկատմամբ՝ մեկ անգամ բռունցքով դիտավորությամբ հարվածել է նրա դեմքին:

 

  • Կիսվել: