երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ծեծկռտուք և դանակահարություն Գյումրիում. կասկածյալներն ու դանակահարվածը հայտնաբերվել են, դեպքի վայրում եղել են արնանման հետքեր

Ծեծկռտուք և դանակահարություն Գյումրիում. կասկածյալներն ու դանակահարվածը հայտնաբերվել են, դեպքի վայրում եղել են արնանման հետքեր

Ինչպես տեղեկանում ենք մեր գործընկեր Aravot.am-ից, անցած գիշեր դանակահարություն է տեղի ունեցել Գյումրի քաղաքի Հովսեփյան փողոցի տնակներից մեկում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մանուշյան թաղամասում ոստիկանության ու պարեկային ծառայության ուժեր են հարկավոր, քանի որ տեղում ծառայություն կատարող կրտսեր պարեկին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ Հովսեփյան փողոցի տնակներից մեկում դանակահարություն է տեղ ունեցել և կա վիրավոր: 

Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Վահրամ Ենգոյանը, ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ  Կարեն Գևորգյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Հարություն Ղազարյանի, դասակի հրամանատար Միքայել Գրիգորյանի գլխավորությամբ:

Քանի որ տարածքը բավականին մեծ էր և ստացված տեղեկություններով հստակ չէր դեպքի վայրը, նույն վաշտի պարեկներ Գուրգեն Մանուկյանը, Արմեն Մինասյանը, Արման Սուքիասյանը և Նարեկ Ասլանյանը լրացուցիչ ժամանել են նշված թաղամաս այլ ճանապարհահատվածով: Ի վերջո Կումայրիի ոստիկաններին ու Շիրակի պարեկներին հաջողվում է նշված վայրում վիճաբանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Կումայրիի բաժին  տեղափոխել Գյումրի քաղաքի բնակիչներ 37-ամյա Պատվական Հարությունյանին, 32-ամյա Հովհաննես Հաջյանին, 25-ամյա Մկրտիչ Կոտոյանին և 37-ամյա Սահակ Քոչարյանին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վերջինիս պարեկներն ու ոստիկանները ոստիկանության Կումայրիի բաժնում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում, քանի որ պարզվում է, որ նա վիրավոր է և ահազանգում են շտապօգնություն ու օպերատիվորեն ժամանած Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկները նրա մոտ ախտորոշում են «աջ աճուկային շրջանի ծակած-կտրած վերք՝ արյունահոսող եզրերով» վնասվածք և տեղափոխում են հիվանդանոց:

Դեպքի փաստով Ոստիկանության Կումայրիի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով ոստիկանների և պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել պարզել դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվել է արնանման հետքեր, իսկ մինչ պարեկների, ոստիկանների ժամանումը ինչ որ անձինք փորձել էին հետքերը վերացնել:

Դեպքի վայրում աշխատել է նաև Շիրակի մարզային քննչական վարչության քննիչների խումբը:

Ավելի վաղ Aravot.am-ը գրել էր, որ անցած գիշեր դանակահարություն է տեղի ունեցել Գյումրու Հովսեփյան փողոցի տնակներից մեկում։ Այդ փողոցում է գտնվում Գյումրու տարածքային հարկային տեսչությունը։

Տարածքում գիշերային հերթապահություն իրականացնող պարեկային ծառայողներին էր մոտեցել մի քաղաքացի ու հայտնել դանակահարության մասին։ Ոստիկանները բացահայտել են, որ  գիշերը ժամը 02․00-ի սահաններում թաղի տղաների մասնակցությամբ մեծ վիճաբանություն է տեղի ունեցել այդ փողոցում։ Վիճաբանություն կատարելու կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության «Կումայրի» բաժին են տարել երեք հոգու, տուժողին էլ շտապօգնության մեքենայով տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։ Նրա  մոտ ախտորոշվել է «աջ աճուկային շրջանի ծակած-կտրած վերք՝ արյունահոսող եզրերով»։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը մեզ տեղեկացրեց, որ հիվանդը համապատասխան բժշկական օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Ոստիկանությունից լրատվական ծառայությունից մեզ տեղեկացրեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են: Գործն ուղարկվել է  Շիրակի մարզային քննչական վարչություն: Մեզ  տեղեկություններ հասան այն մասին, որ վճաբանությունը ծագել է աղջկա պատճառով։

  • Կիսվել: