Ծանր վնասվածք ստացած փոխգնդապետը բացել է աչքերը. ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ
Եղեգնաձորում Վայոց ձորի մարզպետի ու նրա օգնականի մասնակցությամբ միջադեպի հետևանքով մարմնական ծանր վնասվածք ստացած ՊՆ փոխգնդապետը բացել է աչքերը, սակայն նրա վիճակը մնում է ծայրահեղ ծանր: Այս մասին այսօր ասուլիսում հայտնեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը, ով այսօր այցելել էր սպային:
«Նրա վիճակը դեռևս մնում է ծայրահեղ ծանր, բայց որոշակի դեղամիջոց կար, որ կիրառվում էր իրեն խորը քնի մեջ պահելու համար, այն արդեն մոտ 20 ժամ է, ինչ անջատված է: Նա դեռևս միացված է արհեստական շնչառական սարքին: Ցավային ռեֆլեքսները որոշակիորեն վերականգնվել են: Այսօր աչքերը բացել է: Շատ խորը տրավմայի է ենթարկվել գլխուղեղը, մի կիսագունդը բավական դրական դինամիկա ունի, վերականգնվում է: Մյուս կիսագնդում ունենք մի քիչ խնդիրներ»,- ասաց Օհանյանը:
Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզում միջադեպ էր տեղի ունեցել մարզպետ Տրդատ Սարգսյանի և նրա օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ:
Կոչումով փոխգնդապետ զինվորականին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով ձերբակալվել էր Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը: Դեպքից օրեր անց մարզպետ Տրդատ Սարգսյանը մարզպետի պաշտոնից ազատվելու դիմում ներկայացրեց: Ձերբակալված երկրորդ անձը` Զավեն Գրիգորյանը, ով մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի եղբայրն է, ևս ձերբակալվել է: