շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ծանր այրվածին դուրս է բերել անվտանգության կին աշխատակիցը. ԵՊՀ պրոֆեսոր Վահրամ Վարդանյան

Ծանր այրվածին դուրս է բերել անվտանգության կին աշխատակիցը. ԵՊՀ պրոֆեսոր Վահրամ Վարդանյան

Ժամը 9.30-ի սահմաններում էր, երբ ձայնը լսեցինք եւ իմացանք, որ շենքում հրդեհ է բռնկվել. պարզվեց, որ պայթյունը եղել է քիմիական, աշխարհագրության, երկրաբանության ֆակուլտետների շենքի աստիճանավանդակի ներքեւում գտնվող նկուղում: Այս մասին ArmLur.am-ի  հետ զրույցում նշեց ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի պրոֆեսոր Վահրամ Վարդանյանը:

«Այնտեղ գտնվել են կանաչապատման ծառայության աշխատակիցները, որոնք փոխվելու ժամանակ տուժել են: Մեկը, ըստ, երեւույթին, այդ ծխից խեղդվել, մահացել է, մեկին ծանր վնասվածքով, այրված դուրս է բերել անվտանգության աշխատակից մի կին, իսկ մյուսն էլ ոչ այդքան ծանր այրված էր:  Հետո եկան շտապօգնության աշխտակիցները, մեզ չթողեցին այդտեղ կանգնեինք:

Ես տեսել եմ ծանր այրվածին եւ թեթեւ այրվածին, իսկ մահացածին չեմ տեսել: Մահացածին շատ լավ ճանաչում եմ, ամեն օր գալիս, բարեւում էի: Շատ ցավ պատճառեց նրա մահը: Բոլորն էլ կանաչապատման աշխատակիցներ են »,-ասաց նա:

Վահրամ Վարդանյանը նաեւ պատմեց, որ իրենք փորձել են արագ ուսանողներին էվակուացնել. «Այդ պահին եկավ պրոռեկտորը եւ պաշտոնապես ասաց, որ արագ կազմակերպված պետք է դուրս գալ շենքից: 10 րոպեում ամբողջ շենքը դատարկվեց:

Ես չգիտեմ՝ ինչ կար նկուղում, արդյոք նյութեր կան, բալոններ կան, թե ոչ: Մտածում են, որ էլեկտրականության շիթից է եղել, բայց շիթը նման պայթյուն չի առաջացնի»,-ասց նա՝ հավելելով, որ ԱԻՆ-ի, ոստիկանության եւ շտապօգնության ծառայությունները շատ արագ եկել են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան Երևանի պետական համալսարանի մասնաշենքերից մեկում պայթյուն է եղել եւ հրդեհ է բռնկվել:

Պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա մահվան դեպք, ինչպես նաև՝ երեք տուժաժ հոսպիտալացվել է:  Նախնական վարկածով հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից։ Հրդեհը մարվել է:

Այրվածքաբանական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ են տեղափոխել երկու հոգու՝ 70-ամյա Սեյրան Բիչախչյանին եւ 65-ամյա Ահարոն Հակոբյանին: Նրանց վիրակապել են եւ ուղարկել «Արմենիա» բժշկական կենտրոն: Նրանք ունեցել են պոլիտրավմա, բազմաբեկորային վնասվածք, քիմիական այրվածքներ 3-րդ աստիճանի:

Եվս մեկ տուժած, որը ոստիկան է, տեղափոխվել է «Հերացի» հմալսարանական հիվանդանոց:

  • Կիսվել: