Թրամփը` Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների մասին
Չինաստանից վերադառնալուց հետո Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիս է անցկացրել, անդրադարձել Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպմանը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Պուտինը հստակ ցանկություն է հայտնել ավարտելու ռուս-ուկրաինական պատերազմը դիվանագիտական ճանապարհով։
«Շատ լավ քննարկումներ ենք վարում։ Կարծում եմ՝ լավ հնարավորություններ կան», — հավելել է Սպիտակ տան ղեկավարը։
Ինչ վերաբերում է Ուկրաինայի ակնկալած անվտանգության երաշխիքներին, ըստ Թրամփի՝ նախ հարկավոր է խաղաղության գործարք կնքել։ Նրա համոզմամբ՝ հակամարտությունը կարգավորելու համար հարկավոր է լավ հարաբերություններ կառուցել նաև Մոսկվայի հետ։
Արևմտյան մամուլը գրում է, որ Սպիտակ տան թիմը փորձում է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցմանը մինչև հունվար, քանի դեռ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ վերահսկողությունը չի անցել դեմոկրատներին։ Նաև, ըստ ԶԼՄ-ների, ամերիկյան կողմը ճնշում է գործադրում եվրոպական և ուկրաինական կողմերի վրա՝ գնալու փոխզիջումների։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ եվրոպական որոշ երկրների ներկայացուցիչներին դիվանագիտական ուղիներով հրավիրել են Մոսկվա՝ ռուս-ուկրաինական գործընթացի վերաբերյալ նրանց դիրքորոշումը հստակեցնելու նպատակով։
Գերմանիայի պաշտպանության նախարարը կոչ է արել ընդունել Կրեմլի հրավերը, քանի որ արդյունքների հասնելու համար հարկավոր է երկխոսել։ Լուրեր են շրջանառվում, որ Բրյուսելը դեմ չէ ռուսական կողմի հետ շփումներին, սակայն չի ցանկանում, որ դրանք անցկացվեն Մոսկվայում։ Եվրոպական կողմի համար կարևոր է նաև անմիջական մասնակցությունը ռուս-ուկրաինական բանակցություններին։



