ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ալկոհոլային թունավորումները գրանցվել են 10-15 տարեկան անչափահաս երեխաների մոտ. ԵՊԲՀ ռեկտոր

Ալկոհոլային թունավորումները գրանցվել են 10-15 տարեկան անչափահաս երեխաների մոտ. ԵՊԲՀ ռեկտոր

Ալկոհոլային թունավորումները գրանցվել են 10-15 տարեկան անչափահաս երեխաների մոտ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Չնայած այն փաստին, որ ամանորյա տոներին ընդառաջ բազմաթիվ մասնագետներ բազմիցս հորդորում են, խորհուրդներ են տալիս, թե ինչպես տոնական օրերին խուսափել հնարավոր վնասվածքներից և զանազան թունավորումներից, այնուամենայնիվ, տոնական այս օրերին արդեն իսկ արձանագրվել են ինչպես թունավորման, այնպես էլ պայթուցիկներից, հրավառությունից և ճայթուկներից վնասվածքների դեպքեր:

Համալսարանական հիվանդանոցային համալիրներ բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են տարբեր տարիքային խմբի քաղաքացիներ` տարաբնույթ գանգատներով:

Մասնավորապես` «Հերացի» թիվ 1 հիվանդանոց դիմած պացիենտների վնասվածքների մեծ մասի համար հիմք են հանդիսացել պայթուցիկները, որից տուժել է թվով 5 քաղաքացի, նրանցից 2-ի մոտ եղել է ձախ դաստակի մատների ամպուտացիայի կարիք, իսկ 2 պացիենտի մոտ արձանագրվել է պատռված վերք, 1-ի մոտ` մատի վնասվածք:

«Մուրացան» հիվանդանոցային համալիր դեկտեմբերի 31-ին արդեն իսկ դիմել է մեկ քաղաքացի, ում մոտ հրավառության պատճառով վնասվածք է արձանագրվել: Տոնական այս օրերին գրանցվել է 18 թունավորման դեպք, որից 5-ը շմոլ գազից, 5-ը քիմիական թունավորում և ևս 8-ը ալկոհոլային թունավորմամբ են ընդունվել:

Հատկանշական է, որ ալկոհոլային թունավորումները գրանցվել են 10-15 տարեկան անչափահաս երեխաների մոտ` մեկ 10 տարեկան, երկու 16 տարեկան և երեք 15 տարեկան:

Սիրելի հայրենակիցներ մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ անվտանգության կանոնների պահանջների իմացությունն ու անշեղ կատարումը հնարավորություն կտան նվազեցնել արտակարգ պատահարների թիվը և խուսափել անցանկալի, իսկ երբեմն էլ ողբերգական հետևանքներից:
Հոգ տարեք Ձեր և ձեր հարազատների մասին»,- գրել է Մուրադյանը:

  • Կիսվել: