Թող ապացույցներ ներկայացնի․ ԱԱԾ նախկին տնօրենը՝ Արթուր Վանեցյանին
ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանը պատասխանել է Արթուր Վանեցյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին առ այն, որ նա ԱԱԾ պետ եղած ժամանակ սեփականաշնորհել է կառույցի՝ Սևանում գտնվող հանգստյան տունը։
Նա, մասնավորապես, նշել է․
«Արթուր Վանեցյանի՝ մայիսի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթին տված իմ հարցազրույցի ի պատասխան ռեպլիկը ստահոդ է փաստացի և զուրկ է բովանդակությունից, ինչը ևս մեկ անգամ հաստատում է ինչպես իմ շարադրած մտքերի արդարացիությունը, այնպես էլ ընդդիմախոսի մոտ որևէ փաստարկի բացակայությունը։
Եթե նա ինձ մեղադրում է ինչ-որ անօրինական գործողությունների մեջ, ապա թող ապացույցներ ներկայացնի։ Եթե չունի նման ապացույցներ, թող նստի իր տեղում եւ լռի։ Իմ մասնագիտական եւ կրթական մակարդակը թույլ չի տալիս բանավիճել նրա հետ, առավել ևս, որ նա բարձրաձայնում է ոչ թե իր, այլ իր հովանավորների տեսակետը»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Պետրոսյանը դաժան քննադատության էր ենթարկել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ անվանելով նրան ոչնչություն, մեղադրելով քաղաքական տկարամտության մեջ։