հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Թմրանյութեր, ներնետված փաթեթներ, հեռախոսներ. ՔԿՀ-ներում արգելված իրերի՝ ապրիլ ամսվա հաշվետու զեկույցը

Թմրանյութեր, ներնետված փաթեթներ, հեռախոսներ. ՔԿՀ-ներում արգելված իրերի՝ ապրիլ ամսվա հաշվետու զեկույցը

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերել և կանխել են արգելված իրերի, թմրամիջոցների, ինչպես նաև թղթախաղերի շրջանառության փորձերը:

Այսպիսով` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից խուզարկության է ենթարկվել կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցության եկած կինը: Խուզարկությամբ վերջինիս սպորտային պայուսակից հայտնաբերվել են 19 հատ տարբեր տեսակի բջջային հեռախոսներ, 9 ականջակալ, 10 USB լար, wi-fi սարք, 2 հատ բջջային հեռախոսի էկրան, 2 տուփ խաղաքարտ և 13 թզբեհ:

Մեկ այլ դեպքով՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման ծառայողներն զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ բերված հանձնուքը, որում առկա կարտոֆիլի խյուսի մեջ նկատվել է կասկածելի բյուրեղանման զանգված:

Նույն քրեակատարողական հիմնարկի՝ խուզարկության ենթարկված խցերից մեկում, կալանավորված անձի կիսավարտիքի աջ գրպանից հայտնաբերվել է 1 բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով, ձախ գրպանից վայր է ընկել 1 ապակյա սրվակ, որում առկա են եղել թղթով փաթեթավորված թմրամիջոցին նմանվող սպիտակ, բյուրեղանման և դարչնագույն փոշենման զանգվածներ։

Հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել նաև 3 մլ տարողությամբ երեք ներարկիչներ, որոնցից երկուսը լցված են եղել անգույն հեղուկով, 1 ներարկիչ, մեկ ասեղ՝ իր պատյանով, 2 դեղահաբ, 14 USB լար, 10 լիցքավորիչ, արգելված իրերի փոխանցման համար նախատեսված ինքնաշեն 2 պարան, 6 ականջակալ, 1 կապ խաղաքարտ, սուր, ծակող 1 առարկա և 2 բջջային հեռախոս։

Մեկ այլ դեպքով՝ նույն քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետին։ Արդյունքում՝ վերջինիս պայուսակից հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս՝ առանց բաժանորդային քարտերի։

Նույն քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ որպես հանձնուք բերված նվագարկիչը, որի արդյունքում հայտնաբերվել է 9 միկրոդետալ՝ լցված տարբեր տեսակի թմրանյութերին նմանվող զանգվածներով:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ծառայողները մասնաշենքերից մեկի նկուղ իջնող աստիճանների բազրիքի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել էին կտորով փաթաթված 1 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով։

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խցերի թաքստոցներից հայտնաբերել են բջջային հեռախոսներ՝ բաժանորդային քարտերով, լիցքավորման սարքեր, Smart ժամացույց, խաղաքարտեր, պարաններով ամրացված պարկեր՝ փոխանցումներ կատարելու համար, և տարբեր տեսակի կտրող-ծակող արգելված իրեր:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողերը իրականացրել են խուզարկություն խցերից մեկում: Խուզարկության արդյունքում ընդհանուր օգտագործման պահարանից հայտնաբերվել է գործարանային արտադրության դանակ-գոտի, որը ըստ նշված խցում պահվող, կալանավորված անձի բանավոր հայտարարության, պատկանում է իրեն:

Վերը թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ, նշանակված են դատաքիմիական փորձաքննություններ:

  • Կիսվել: