ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՏԿԵՆ-ում քննարկվել են ՀՀ ճանապարհները որպես տարանցիկ ուղի օգտագործելու և Ուզբեկստանը Եվրոպային կապելու հնարավորությունները

ՏԿԵՆ-ում քննարկվել են ՀՀ ճանապարհները որպես տարանցիկ ուղի օգտագործելու և Ուզբեկստանը Եվրոպային կապելու հնարավորությունները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Ուզբեկստանի Հանրապետության տրանսպորտի նախարարի տեղակալ Ժասուրբեկ Չորիևի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Միջազգային հարաբերութունների, լոգիստիկայի և արտահանման զարգացման վարչության պետ Մամանբի Օմարովը և օդային տրանսպորտի զարգացման վարչության գլխավոր մասնագետ Սատոր Սատորովը։ 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Սիմոնյանը, ողջունելով հյուրերին, շեշտել է Հայաստանի և Ուզբեկստանի միջև ուղիղ չվերթեր իրականացնելու կարևորությունը, ինչպես նաև ներկայացրել է օդային, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում Հայաստանի Հանրապետության ռազմավարական ուղղություններն ու հեռանկարները։

Հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և հետաքրքրություն հայտնել հայկական ավիաընկերությունների շուկայում ներգրավված լինելու մասին՝ միաժամանակ ընդգծելով, որ ուզբեկական ավիաընկերությունները ունեն ցանկություն դեպի Հայաստանի Հանրապետություն ուղիղ չվերթեր իրականացնել, սակայն ներկայում աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չունեն բավարար ռեսուրսներ։

Ի պատասխան՝ հայկական կողմը ներկայացրել է տեղեկատվություն ՀՀ գործող և ստեղծվող ավիաընկերությունների մասին, պատրաստակամություն հայտնել խթանել ընկերությունների և ուզբեկական կողմի միջև կապի հաստատումը և գործընկերության ստեղծումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության ճանապարհները որպես տարանցիկ ուղի օգտագործելու և Ուզբեկստանը Եվրոպային կապելու հնարավորությունները։

Արմեն Սիմոնյանը, դրական գնահատելով հանդիպման արդյունքները, նշել է, որ կողմերը կշարունակեն ակտիվ համագործակցությունը և, հնարավոր է, միջկառավարական համաձայնությամբ ամրապնդեն դինամիկ զարգացող հարաբերությունները։

  • Կիսվել: