Թիվ 143 մանկապարտեզի վերանշանակված տնօրենը ժամանակին ՀՀԿ-ի օգտին ձայներ է հավաքել
Շենգավիթ վարչական շրջանի ՔՊ-ական ղեկավար Տիգրան Գաբրիելյանի կարգադրությամբ փետրվարի 20-ին Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնին վերականգնված Ռուզաննա Դանիելյանը պարզվում է տարիներ առաջ ևս հայտնվել է աղմկահարույց պատմության մեջ, գրում է news.am-ը:
2017 թվականի մարտին` Ազգային ժողովի հերթական ընտրություններից առաջ, Դանիելյանը աշխատել է ՀՀԿ-ի օգտին, ինչը բացահայտել և դա փաստող ձայնագրություն էր հրապարակել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Կրթության ոլորտում վարչական ռեսուրսի կիրառման դեպքներն առնչվում էին 114 դպրոցների և մանկապարտեզների, այդ թվում` Թիվ 143 մանկապարտեզին։

Հիշեցնենք, որ այսօր իր հրաժարականը պահանջող ծնողների հետ հանդիպման ժամանակ Դանիելյանը մեղադրել էր Շենգավիթ վարչական շրջանի գործող թաղապետին իրեն ուշ նշանակելու, ինչպես նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիաննա Գասպարյանին՝ նախկինում կոնկրետ աշխատակցի հաստիքի նշանակելու հարցում իրեն պարտադրելու, իսկ նախկին թաղապետին՝ իր պաշտոնավարման ընթացքում մանկապարտեզում բացահայտված հնարավոր չարաշահումների մասին ոստիկանությանը չհայտնելու համար:
Դանիելյանի անունը կապվում է մի շարք աղմկահարույց չարաշահումների հետ։ Խոսքը՝ երեխաներին հատկացված սննդի յուրացման, կաշառք ստանալու և աշխատավարձերի հափշտակության դրվագների մասին է։
Հիշեցնենք, որ այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է քրեական վարույթ՝ կաշառք ստանալու, կաշառք տալու և պաշտոնեական դիրքն օգտագործելով գույք հափշտակելու հոդվածներով։
Այս գործով Ռուզաննա Դանիելյանի դեմ հաղորդում են ներկայացրել մեկ տասնյակից ավելի աշխատակիցներ։ Թե ինչ կարգավիճակ ունի նա այս պահին՝ Հակակոռուպցիոն կոմիտեն դեռևս չի հայտնել։


