շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Թիմ Տելեկոմ»-ը վստահեցնում է, որ բաժանորդների անձնական տվյալների արտահոսք չի եղել

«Թիմ Տելեկոմ»-ը վստահեցնում է, որ բաժանորդների անձնական տվյալների արտահոսք չի եղել

Տվյալների առուվաճառքի միջազգային հաքերական ֆորումներից մեկում հայտնվել է Հայաստանի քաղաքացիների անձնական տվյալների վերաբերյալ մի գրառում, գրում է Հետքը:

Անանուն հեղինակը պնդում է, որ «Թիմ Տելեկոմի» բաժանորդների տվյալներ է վաճառում։ 

Գրառման մեջ 50 քաղաքացիների անձնական տվյալներ պարունակող նմուշ կա, որը ներառում է անուն, ազգանուն, անձնագրի համար և հեռախոսահամար։ Ըստ գրառման՝ տվյալների ամբողջական շտեմարանում կա 1,5 մլն տող, որը գնելու համար պետք  է վճարել 1000 դոլար։

Մենք ստուգել և նույնականացրել ենք, որ նմուշում ներկայացված 50 անձանց տվյալներ։ Նրանց կեսից ավելիի տվյալներն իրական են, այսինքն՝ իրական մարդիկ են, իսկ հեռախոսահամարները պատկանում են այդ մարդկանց։

Գրավոր հարցումով դիմել էինք «Թիմ Տելեկոմին», խնդրել էինք մեկնաբանել և հայտնել, թե արդյոք տեղյակ են հաքերական ֆորումում վերոնշյալ գրառումից և արդյոք ստուգել են ներկայացված տվյալները։

Ընկերությունից մեզ պատասխանեցին, որ «Թիմ Տելեկոմից» արտահոսք չի եղել։

«Մեր մասնագետները կատարել են ստուգում, որի արդյունքում պարզվել է, որ անձնական տվյալներ պարունակող այս բազայում նշված հեռախոսահամարներից ոչ մեկը չի գտնվում Team Telecom Armenia-ի ցանցում և չի սպասարկվում ընկերության կողմից», -ասված է ընկերության պատասխան գրության մեջ։ 

Ընկերության մամլո խոսնակ Գրիգորի Յուրինը մեզ հայտնեց, որ նմուշում ներկայացված անձինք նաև չեն հանդիսանում ընկերության ինտերնետ կապի բաժանորդներ։

«Մենք կիրառում ենք միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան գործիքներն ու ծրագրերը ցանկացած տեսակի արտահոսք կանխելու համար։ Հավելենք, որ Team-ը նաեւ ունի ISO 27001 տեղեկատվական անվտանգության կառավարման ստանդարտի սերտիֆիկացում, որն ամեն տարի թարմացնում է՝ համաձայն ոլորտում մշտապես աճող պահանջների»,-ասված է պատասխանի մեջ։

Հաքերական ֆորումում տեղադրված գրառման մեջ նաև էլ. հասցե է նշված, որով պետք է կապ հաստատել տվյալները գնելու համար։ Այդ էլ. հասցեով նամակ ուղարկեցինք և խնդրեցինք տրամադրել ևս 50 անձի տվյալ՝ ստուգելու և նույնականացնելու համար։ Տվյալներ վաճառողից պատասխան չստացանք։

Այս տարօրինակ արտահոսքը հասկանալու համար զրուցել ենք CyberHUB Armenia-ի համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանի հետ։

Նա մեզ տեղեկացրեց, որ CyberHUB-ը նույնպես դիմել է տվյալներ վաճառողին, բայց որևէ պատասխան չի ստացել։

«Այս պատճառով կարող ենք միայն հավատալ կամ չհավատալ իր գրածին»,-նշել է Մարտիրոսյանը։ 

Նախկինում եղել են դեպքեր, երբ արդեն արտահոսած տվյալները ներկայացվել են որպես նոր։ Ըստ CyberHUB-ի գնահատման, գրառման մեջ ներկայացված տվյալները և դրանց գրանցման ձևը թույլ է տալիս ասել, որ այս շտեմարանը, ամենայն հավանականությամբ, ինչ-որ նոր տվյալների շտեմարան է։ 

«Սա նշանակում է, որ նախկինում եղած արտահոսքը չի ներկայացվում որպես նոր։ Սակայն այլ նշաններ, որոնք թույլ կտան հասկանալ, թե սա ինչ արտահոսք կարող էր լինել, չկան»,-ասում է Մարտիրոսյանը։

Ըստ CyberHUB-ի, ներկայացված արտահոսքի թիվը նույնպես խնդրահարույց է. վաճառվող 1,5 միլիոն տող տվյալը ավելի շատ է «Թիմ Տելեկոմի» բաժանորդների թվից ու քիչ՝ «ՎիվաՍելի» բաժանորդների թվից։

Այժմ բարդ է ասել, թե բացի ներկայացված 50 քաղաքացու տվյալների նմուշից՝ այլ տվյալներ իրականում կա՞ն, թե ոչ։ Միայն նմուշով վերջնական եզրակացություն անելը դեռևս անհնար է։

  • Կիսվել: