կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Տիգրան Բարսեղյանը ավարտեց ելույթները եվրոգավաթներում

Տիգրան Բարսեղյանը ավարտեց ելույթները եվրոգավաթներում

Անցած գիշեր կայացան ֆուտբոլի Եվրոպայի և Կոնֆերենցիաների լիգաների 1/8 եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները:

Ամենամեծ անակնկալը գրանցվեց Լոնդոնում, որտեղ տեղի «Արսենալը», որն այժմ գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգան, 11մ հարվածներով զիջեց Լիսաբոնի «Սպորտինգին» և դուրս մնաց պայքարից: Այդպիսով, Անգլիան երրորդ կորուստը կրեց եվրոգավաթներում:

Պակաս անակնկալ չէր նաև իսպանական «Վիլյառեալի» պարտությունը սեփական դաշտում բելգիական «Անդերլեխթից»՝ 0:1: Այդ սայթաքումից հետո Իսպանիան այժմ ընդամենը երկու ներկայացուցիչ ունի եվրոգավաթներում: Մադրիդ «Ռեալը» շարունակում է պայքարը չեմպիոնների լիգայում, իսկ «Սևիլյան»՝ Եվրոպայի լիգայում:

1/8 եզրափակիչ փուլում բոլորից շատ թիմեր կորցրեց Գերմանիան՝ 5: Այդ երկրի 8 մասնակիցներից այժմ պայքարը շարունակում են միայն երկուսը՝ Մյունխենի «Բավարիան» և Լևերկուզենի «Բայերը»:

Եվրոգավաթների ընթացիկ մրցաշարերում բոլորից հաջող հանդես են գալիս Իտալական ակումբները, որոնցից վեցն արդեն մտել են քառորդ եզրափակիչ, ընդ որում դրանցից երեքը պայքարը շարունակում է չեմպիոնների լիգայում: Իտալիան ու Անգլիան այն երկրներն է, որոնք մասնակցիներ ունեն երեք լիգաներում:

Ընթացիկ փուլում անհաջողության մատնվեց նաև Բրատիսլավայի «Սլովանը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի անդամ Տիգրան Բարսեղյանը: Պատասխան խաղում Սլովակիայի չեմպիոնը դարձյալ ոչ-ոքի՝ 2:2 խաղաց շվեյցարական «Բազելի» հետ, սակայն 11մ հարվածաշարում պարտվեց 1:4 հաշվով: Մեր ֆուտբոլիստը չկարողացավ իրացնել 11մ հարվածը:

Ընդհանուր առմամբ եվրոգավաթներում իրենց վերջին մասնակիցներին կորցրին միանգամից 7 երկրներ՝ Թուրքիան, Ուկրաինան, Հունգարիան, Շվեդիան, Սլովակիան, Մոլդովան և Կիպրոսը: Պատվավոր գավաթների համար դեռևս շարունակում են պայքարել 10 երկրների ներկայացուցիչներ:

Երեք լիգաների քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունները տեղի կունենան այսօր, որոնք կանցկացվեն կույր եղանակով, առանց նախնական դասակարգման:

  • Կիսվել: