Տիգրան Ավինյանին զեկուցվեց 12 վարչական շրջաններում շների զբոսայգիներ առանձնացնելու աշխատանքների մասին
Երևանի քաղաքապետարանում այսօր՝ նոյեմբերի 20-ին, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց քաղաքի 12 վարչական շրջաններում շների զբոսայգիներ առանձնացնելու ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Ներկայացվեցին վարչական շրջաններից ստացված տեղեկությունները` տարածքներ առանձնացնելու մասին:
Քաղաքապետ Ավինյանը՝ դիմելով փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին` նշեց. «Կան հստակ իրականացված ծրագրեր, և կան առանձնացված տարածքներ, որոնք հետևողականորեն պետք է ավարտին հասցվեն: Այսինքն գնման մրցույթները հայտարարվեն, դրանք կառուցվեն, պետք է խնդրեմ այս պրոցեսին անձամբ հետևեք»:
Փամբուխչյանը տեղեկացրեց, որ Ավագանու անդամների կողմից ևս առաջարկներ կան, դրանք հետագայում կարող են դիտարկել:


