Տեր Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել
Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը:
Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը՝
ա/ Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին,
բ/ Անտեսելով Թեմակալ Առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատևել է կարգազանց ընթացքի մեջ,
գ/ Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց,
դ/ Երիցս համառել է ներկայանալ Հանձնախմբի նիստերին, շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաև իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը:
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով:
Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի հոգևոր հովիվ քահանա Տեր Արամը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ 2021 թվականին Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներսում եղել է պարտադրանք՝ քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքներին մասնակցելու համար, և քանի որ հանրահավաքներին մասնակցելը թե՛ հին, թե՛ նոր Քրեական օրենսգրքով արգելված արարք է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» սեպտեմբերի 17-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով քննել հրապարակային արված այդ հայտարարությունը:
Հոկտեմբերի 15-ին նրա հայտարարությունների հիման վրա Արագածոտնի թեմում իրավապահները գործողություններ էին իրականացրել: Կատարված երկու տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային տեղեկատվություն պարունակող կրիչներ, առանձնապես խոշոր չափերով գումար, ոսկյա, արծաթյա մեծաքանակ զարդեր, մի շարք առևտրային կազմակերպությունների անվամբ տրված բազմաթիվ վառելիքի կտրոններ, այլ իրեր ու առարկաներ:
Ձերբակալվել էին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Տեր Գարեգին Արսենյանը, ևս 5 քահանաներ, մի շարք աշխատակիցներ։


