չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Տելեգրամի միջոցով ապօրինի թմրաշրջանառությամբ էր զբաղվում. ՔՈԳՎ բացահայտումը

Տելեգրամի միջոցով ապօրինի թմրաշրջանառությամբ էր զբաղվում. ՔՈԳՎ բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տվյալներ, որ Երևանի բնակիչ 44-ամյա մի տղամարդ Տելեգրամի միջոցով զբաղվում է թմրամիջոցների ձեռք բերմամբ և իրացմամբ։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների և Արագածոտնի պարեկների հետ, հոկտեմբերի 5-ի ժամը 21.00-ին, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջական ծագած հիմնավոր կասկածանքով, Ագարակ գյուղում ձերբակալեցին և, իր վարած «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, ոստիկանության Աշտարակի բաժին տեղափոխեցին 44-ամյա երևանցուն։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց մոխրացած հետքերով ապակե ծխամորճ և 0,16 գրամ «Ալֆա ՊՎՊ» տեսակի թմրամիջոց։
Նախաձեռնվեց քրեական վարույթ, տղամարդը ձերբակալվեց։

Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումները և քննչական գործողությունները շարունակվեցին Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզների հետ համատեղ։ Հոկտեմբերի 6-ին Գյումրի և Ախուրյան քաղաքների վարչական տարածքների տարբեր վայրերում հայտնաբերվեց երևանցու կողմից իրացման նպատակով տեղադրված 28 փաթեթ՝ ընդհանուր 59,2 գրամ քաշով «Ալֆա ՊՎՊ» տեսակի թմրամիջոցով։

Պահպանվող հատուկ տարածք տեղափոխված ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ կային պլաստմասե տարա՝ լցված 4,44 գրամ «Ալֆա ՊՎՊ» տեսակի թմրամիջոցով, էլեկրական կշեռք, փոքր գդալ և զիպ փականով փոքր պոլիէթիլենային փաթեթներ։
Տղամարդը կալանավորվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: