Տեղի կունենա «Սարյանի աստիճանների» բացման փոքրիկ արարողություն
Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ ավարտվել են Սարյանի անվան փողոցի` դեպի կոմպոզիտորների միություն տանող աստիճանների և հարակից տարածքի բարեկարգման և վերափոխման աշխատանքները: Նախագիծն իրականացվել է Կենտրոն վարչական շրջանի, «Կերոն» զարգացման հիմնադրամի և «Մանե Թայլս» ընկերության համագործակցությամբ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Սեպտեմբերի 29-ին ժամը 18:30-ին տեղի կունենա «Սարյանի աստիճանների» բացման փոքրիկ արարողություն, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես կգան՝
- Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը,
- «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը,
- «Մանե Թայլս» ընկերության գործադիր տնօրեն Անժելա Մանուկյանը:
Պաշտոնական մասից հետո սպասվում է երաժշտական անակնկալ:
«Սարյանի աստիճաններ» նախագիծը մեկնարկել է 2024 թ.-ի հունիսին՝ նպատակ ունենալով վերափոխել Երևանի այդ հատվածը կենսունակ հանրային տարածքի, որն արտացոլելով Մարտիրոս Սարյանի արվեստի ժառանգությունը դարձել է ևս մեկ բարեկարգված հանրային տարածք քաղաքի բնակիչների և այցելուների համար:
«Մանե Թայլս» ընկերությունը 1620 ամբողջությամբ ձեռքով պատրաստված կավե սալիկներով ստեղծել է Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավի վերարտադրությունը:
«Մանե Թայլս»-ի թիմը մշակել է պանոսալիկի հատուկ ֆորմատ, ապահովել արտադրական և տեխնոլոգիական գործընթացները, իրականացրել տեղադրումն ու աստիճաններին ճշգրիտ հարմարեցումը:
Համադրելով կավագործության ավանդույթները ժամանակակից ճարտարապետական լուծումների հետ՝ արդյունքում ստացվել է բացառիկ մշակութային արժեք բաց երկնքի տակ: Այն ոչ միայն հարգանքի տուրք է Սարյանի արվեստին, այլև հայկական կերամիկայի զարգացման նոր էջ, որը կոչված է դառնալու Երևանի մշակութային կյանքի խորհրդանշական վայրերից մեկը։
«Կերոն» զարգացման հիմնադրամի ջանքերով աստիճանների հարակից մայթը, որը նախկինում օգտագործվում էր որպես ավտոկայանատեղի, ամբողջությամբ վերադարձվել է անցորդներին, տեղադրվել են նոր լուսավորության համակարգեր, աստիճանների բոլոր չորս հարթակների եւ մայթի բազալտե սալիկները ամբողջությամբ փոխվել են, ավելացվել է դեկորատիվ հավելյալ լուսավորություն, թարմացվել են աստիճանների բազրիքները, իրականացվել են կողային սալիկների լազերային փայլեցման աշխատանքներ: Աշխատանքները ներառել են նաև հարակից տարածքի կանաչապատումը և աստիճանների վերին մասի փոքրիկ պուրակի ամբողջական վերանորոգումը։
Այս ամենի արդյունքում «Սարյանի աստիճանները» վերածվել է ժամանակակից, հարմարավետ և ոգեշնչող տարածքի, դարձել սիրելի վայր զբոսաշրջիկների և տեղացիների համար և ստեղծել քաղաքային նոր միջավայր, որտեղ կարելի է հանդիպել ընկերներին, հանգստանալ, լուսանկարվել և պարզապես վայելել քաղաքի ռիթմը։


