Ճիշտ կլինի, որ սննդամթերքների անվտանգության ոլորտի քաղաքականության մշակմամբ զբաղվի առողջապահության նախարարությունը. Թորոսյան
Առողջապահության նախարարությունը ոչ մի ֆունկցիա չունի ոչ սննդամթերքների որակի վերահսկման, ոչ ոլորտի քաղաքականության մշակման բնագավառներում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով` վերահսկողությունն այսօր իրականացնում է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, իսկդրա քաղաքականության մշակումը դեռևս 2008-ին փոխանցվել է գյուղնախարարությանը, որը հետո միացվեց էկոնոմիկայի նախարարությանը։
«Նորմալ է, որ գործառույթները բաժանված են, և որ կան տեսչական մարմին և քաղաքականություն մշակող մարմին, բայց նորմալ չէ, որ այդ ոլորտի քաղաքականության մշակմամբ չի զբաղվում առողջապահության նախարարությունը»,- ասաց նախարարը։
«Մենք ցանկանում ենք սննդամթերքների անվտանգության ոլորտի քաղաքականության մշակումը վերադարձնել առողջապահության նախարարությանը, քանի որ ոչ ոք այդ թեման առողջապահության նախարարության մասնագետներից լավ չի հասկանում։ Առայժմ դա բանավոր խոսակցությունների մակարդակում է: Դժվար կլինի, իհարկե, բայց մենք կարծում ենք, որ ճիշտ կլինի, որ սննդամթերքների անվտանգության ոլորտի քաղաքականության մշակմամբ զբաղվի առողջապահության նախարարությունը»,-նկատեց Արսեն Թորոսյանը: