ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Տավուշում զենքով լի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանություն

Տավուշում զենքով լի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանություն

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները մարզում ծառայության առաջին իսկ օրվանից հսկայածավալ աշխատանքներ են տարել և շարունակում են տանել քրեորեն պատժելի, հակաիրավական գործողությունների կանխման, նախականխման ու բացահայտման ուղղությամբ: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենան գտնվում է Նոյեմբերյան համայնքի փողոցներից մեկում, որում գտնվող ուղևորների մոտ զենք կա, և նրանք պետք է զբաղվեն որսով:

Տեղում գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, պարեկներ Դավիթ Վարդանյանի և Գևորգ Ամիրաղյանի գլխավորությամբ իրականցվում է «Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով, թրով-թվանքով որսի գնացինք» օպերացիան:  

Քանի որ հստակ տեղյակ չէին, թե Նոյեմբերյան համայնքի Վիրոնայի փողոցի որ հատվածում է գտնվում կասկածելի «Նիվա»-ն, ողջ փողոցը պարեկները առնում են մանրադիտակի տակ ու կարճ ժամանակում հայտնաբերում են նշված ավտոմեքենան, կանգնեցնում, ապա ավտոմեքենայում հայտնաբերում են որսորդական հրացան: 

Վարորդ, Տավուշի մարզի բնակիչ 43-ամյա Ա. Մամյանը հայտնում է, որ հրացանը օրինական է, միևնույն ժամանակ հայտարարում է, որ ավտոմեքենայում կա 4 հատ ռադիոկապ և 9 հատ փամփուշտ:

Պարեկների պահանջով Ա. Մամյանը ավտոմեքենայի բեռնախցիկից պարեկներին է ներկայացնում 1 հատ ողորկափող որսորդական հրացան, սակայն հրացանի վերաբերյալ որևե փաստաթուղթ չի ներկայացնում: Տեղում պարեկները պարզում են, որ այն պատկանում են ավտոմեքենայի ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ, 41-ամյա Հ. Վարդանյանին:

Նշված ավտոմեքենան պարեկները տեղափոխում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ Ա. Մամյանին ու Հ. Վարդանյանին հայտնաբերված հրացաններով, ռադիոկապերով ու փամփուշտներով ներկայացնում են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին: 

Դեպքի փաստով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, և հնարավոր է՝ այն փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն: 

  • Կիսվել: